Սկեսրոջ և ամուսնու կողմից 10 ամիսների ընթացքում ծեծի և խոշտանգումների ենթարկվող Մարիամ Գևորգյանի գործով դատաքննության փուլն ավարտվել է, և այսօր հրապարակվել է վճիռը: Մարիամ Գևորգյանին սկեսուրը՝ Հայկանուշ Միքայելյանը, դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ժամկետի 1/3-ը հանվել է: Քանի որ Հայկանուշ Միքայելյանն արդեն մեկ տարի է՝ կալանավորված է, նրան մնում է անազատության մեջ մնալ 1 տարի, 2 ամիս:
Տուժող կողմը վճռից դժգոհ է, քանի որ ակնկալում էր հոդվածով նախատեսվող առավելագույն պատիժը՝ 10-11 տարի: Մարիամ Գևորգյանի փաստաբան Նոնա Գալստյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ դատաքննության ողջ ընթացքում իրենց ունեցած կասկածները, թե դռնփակ դատավարությունը նպատակ ունի հնարավորինս մեղմ պատիժ սահմանել, փաստորեն, ապացուցվեցին վճռով:
Նշենք, որ դատարանը մերժել է տուժող կողմի հայցը, որի համաձայն իրենք պահանջում էին 10 միլիոն բարոյական ծախսերի փոխհատուցում և 7 միլիոն՝ բժշկական ծախսերի փոխհատուցում: Դատարանը պատճառաբանել է, որ դա առանձին հայց է և պետք է այլ քննության առարկա դառնա, մինչդեռ, ըստ Նոնա Գալստյանի, իրենց հայցն անմիջական կապ ունի տվյալ հանցագործության հետ:
Տուժող կողմը պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան:
Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել էր 2009 թվականին, ապա մեկնել Սանկտ Պետերբուրգ, որտեղ էլ այդ ժամանակ բնակվում էր Դավիթի ընտանիքը: 10 ամիս անց Մարիամը վերադարձել է Երևան և դիմել ոստիկանություն: Դավիթի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով և նա իրեն մեղավոր է ճանաչել: Սակայն քննիչի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել 2011 թվականին Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ:
Ավելի ուշ՝ պատմության մասին մամուլում հրապարակումների հիման վրա, Հայկանուշ Միքայելյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով /առանձին դաժանությամբ խոշտանգում/ և 113 -րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով /առանձին դաժանությամբ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը/:
Մարիամ Գևորգյանի ընտանիքի անդամները Կանանց Աջակցման Կենտրոնին հայտնել էին, որ Դավիթի և Հայկանուշի բարեկամները բազմիցս մոտեցել են իրենց և գումար առաջարկել Մարիամի դիմումից հրաժարվելու պահանջով:
Հիշեցնենք, որ Մելինե Բայաթյանը, Դավիթի առաջին կինը, միացել էր Մարիամի բողոքին: Նա Դավիթի և նրա մոր դեմ ներկայացրել էր դիմում, որի հիման վրա հարուցվել էր քրեական գործ, սակայն նախաքննության ընթացքում Մելինեն հրաժարվեց իր մի քանի մեղադրանքներից և նույնիսկ հանդես եկավ գործը դռնփակ նիստում քննելու միջնորդությամբ, որպեսզի գործի քննությանը ներկա չլինեն գործով հետաքրքրված անձինք և լրագրողներ:
Հուլիսի 21-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» կամավորներից մեկը տեսել էր Դավիթին և Մելինեին միասին: Նրանք դուրս էին եկել Օպել մակնիշի մեքենայից (33 VO 506 համարանիշերով) և ներս մտել «Մխիթար Գոշ» հյուրանոց, որը գտնվում է Տավուշի մարզի Գոշ գյուղում: Քիչ անց նրանք լքել էին հյուրանոցը և ուղևորվել դեպի Գոշավանք:
Լուսանկարը՝ «“Ընդդեմ Կանանց Նկատմամբ Բռնության” կոալիցիա»-ի