Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներն այսօր ադրբեջանական կողմին են հանձնել նոյեմբերի 12-ի առավոտյան Տավուշի մարզի հատվածում սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացի, 40-ամյա Թելման Ջավանշիրօղլու Ալիևին: Հանձնումը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանի Իջևան-Ղազախ հատվածում:
Հանձնումից առաջ Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Ալիևին և ստուգել նրա առողջական վիճակն ու այն պայմանները, որորնցում նա պահվում էր: Կազմակերպությունը նաև կապ էր ապահովում Ալիևի և նրա հարազատների միջև:
Հիշեցնենք, որ քաղաքացին մոլորվել էր և, չիմանալով ճանապարհը, անցել էր սահմանը:
Ավելի վաղ ադրբեջանական Trend գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությանը, հայտնել էր, որ Ալիևը խուլուհամր է: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, սակայն, այսօր ասել է, որ ադրբեջանական կողմի պնդումն իրականությանը չի համապատասխանում:
«Դժվար է ասել, թե որն էր նման պնդման նպատակը, մեր մասնագետները հաստատել են, որ նա որոշակի խնդիրներ ունի, բայց խոսքը լիակատար խուլուհամրության մասին չէ», – ասել է խոսնակը: