Հայաստանը մասնակի ազատ պետություն է համարվել Freedom House միջազգային իրավապաշտպանական կազմակերպության 2013 թվականի Freedom of the World զեկույցում, որի ամփոփագիրը հրապարակվել է այսօր: Զեկույցի ամբողջական տարբերակի շնորհանդեսը կայանալու է վաղը: Նշենք, որ նախորդ տարվա զեկույցում Հայաստանը նույնպես ընդգրկվել է մասնակի ազատ երկրների շարքում, սակայն, համաձայն զեկույցի հեղինակների, նախորդ տարվա ընթացքում ընթացքում Հայաստանը բարելավել է քաղաքական իրավունքների իր վարկանիշը, քանի որ մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո չեն գրանցվել բռնություններ, ինչպես դա տեղի էր ունեցել 2008 թվակականի նախագահական ընտրություններից հետո:
Բացի դա, զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ խորհրդարան է անցել «իրական ընդդիմադիր կուսակցությունը»: Հայաստանը միջանկյալ դիրք է զբաղեցնում տարածաշրջանի այլ երկների շարքում, քանի որ, ըստ զեկույցի, Ադրբեջանը շարունակում է մնալ «աշխարհի ամենառեպրեսիվ պետություններից մեկը», իսկ ահա Վրաստանը շոշափելի առաջընթաց է գրանցել՝ առաջին անգամ ապահովելով իշխանության անցնցում անցում՝ ժողովրդավարական ընտրությունների միջոցով:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, ապա այն անազատ երկրների շարքից տեղափոխվել է մասնակի ազատ երկրների շարք՝ շնորհիվ այն փաստի, որ 2012-ի հուլիսին «երկրում անցկացված նախագահական ընտրություններին մասնակցել է իրական ընդդիմադիր թեկնածու»: