Home / Հայաստան / Սերժ Սարգսյանն ասել է՝ երբ Ադրբեջանը պատրաստ կլինի սկսել պատերազմը

Սերժ Սարգսյանն ասել է՝ երբ Ադրբեջանը պատրաստ կլինի սկսել պատերազմը

Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակն է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձահարված ագրեսիվ պատերազմում տարած հաղթանակի վերջնական իրավական ձևակերպումը: Այս մասին երեկ Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ղեկավարության ընդլայնված կազմով նիստում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ճանաչվի միջազգային հանրության կողմից, քանի որ չկա որևէ տրամաբանական բացատրություն, թե ինչու ինքնորոշման իրավունքն օրենքի շրջանակներում իրացրած և հետո անհավասար պայքարում պաշտպանած ժողովուրդը պետք է երբևէ Ադրբեջանի մաս կազմի: Ինչո՞ւ պետք է այդ ժողովրդի ճակատագիրը պայմանավորվի ժամանակին Ստալինի կողմից կատարված ապօրինությամբ: Մեր անվտանգության համար գլխավոր սպառնալիք է մնում այդ հարցում Ադրբեջանի ղեկավարության բացահայտ հայատյաց, ֆաշիստական, ռազմատենչ քաղաքականությունը: Ադրբեջանը բացեիբաց խախտում է զինադադարի պայմանները, շփման գծում պարբերաբար զինվորներ են զոհվում, որոնց արյունը Ադրբեջանի իշխանությունների վրա է», – ասել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ 19 տարի առաջ Ադրբեջանի խնդրանքով կնքված եռակողմ զինադադարն ամրագրեց հայկական ինքնապաշտպանության հաղթանակը:

«Այսօր Ադրբեջանում շատերն են մոռանում «Լեռնային Ղարաբաղի հարգարժան իշխանություններին» իրենց նախկին ղեկավարների ուղղած հրադադարի միջնորդությունը: Նախորդ պատերազմի զրկանքներից ծնողների փեշի տակ թաքնված երիտասարդներն այսօր նախընտրում են չհիշել պատմության այդ էջերը:

Անտեսելով զինադադարի մասին եռակողմ համաձայնությունը, Ադրբեջանը մինչ օրս չի դադարում գնդակոծել ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության սահմանները: Եվ պատահական չէ, որ Ադրբեջանի իշխանությունները բացահայտ մերժում են միջնորդների` դիպուկահարներին շփման գծից հեռացնելու և միջադեպերի հետաքննման մեխանիզմներ ստեղծելու առաջարկները, նույնիսկ հրաժարվում են մեկ տարի առաջ Սոչիում իրենց իսկ կողմից ստորագրված հայտարարությամբ ստանձնած վստահության ամրապնդման միջոցառումներն իրագործելուց:

Ռազմատենչ հռետորաբանությունը և ադրբեջանական հասարակությունում հայատյացության սերմանումն իրական պատուհաս է դարձել մեր տարածաշրջանի անվտանգության համար: Այդ երկրում մի ողջ սերունդ է մեծանում՝ լի մեր ժողովրդի հանդեպ չարությամբ և ատելությամբ: Ինչպե՞ս որակել Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունը, թե «Ադրբեջանի թիվ մեկ թշնամին աշխարհի հայերն են»: Բայց մեկ բան հստակ է` այն քարոզչական քաղաքականությունը, որն Ադրբեջանի իշխանությունները իրականացնում են սեփական ժողովրդի հանդեպ, ուղղակի հրեշավոր է: Որպես արդյունք, Ադրբեջանի ժողովուրդը երկար ժամանակ դեռ պատրաստ չի լինելու խաղաղ գոյակցության, եթե անգամ հաջողվի խնդրի լուծման շուրջ համաձայնության հասնել», – նշել է երկրի ղեկավարը:

Ըստ Սերժ Սարգսյանի՝ երբ խոսվում է տարածաշրջանի հավասարաչափ և ներդաշնակ զարգացման մասին, ելակետային է այն նախադրյալը, որ տարածաշրջանի բոլոր պետություններն էլ կիսում են նույն արժեքային համակարգը և ունեն պետականաշինության նույն նկրտումներն ու զարգացման նույն նպատակները:

«Հենց նման պայմաններում է հաջողված պատմություն դարձել եվրոպական ինտեգրացիան, նման պայմաններում են այսօր ստեղծվում և զարգանում տարածաշրջանային մի շարք կառույցներ հետխորհրդային տարածքում, Հարավային Ամերիկայում, Հարավ-Արևելյան Ասիայում և Աֆրիկայում:

Այս համատեքստում Հարավային Կովկասը կարող էր իդեալական գործակցության մոդել լինել: Սակայն երբ հարևանդ ապրում է այլ, քոնին ճիշտ հակառակ արժեհամակարգում, դա անվտանգության լուրջ սպառնալիք է պետության համար:

Մենք պետք է ամեն օր, ամեն պահ պատրաստ լինենք պատերազմ քարոզող ռեժիմի կողմից նոր ռազմական արկածախնդրության: Կարծում եմ՝ մեր հարևաններն ըմբռնում են, որ պատերազմը որքան կործանարար կլինի Հայաստանի, նույնքան էլ, եթե ոչ ավելի` Ադրբեջանի համար: Բայց չեմ կարծում, որ Ադրբեջանի այսօրվա ղեկավարները մտահոգ են իրենց ժողովրդի ճակատագրով: Նրանք պատրաստ կլինեն վերսկսել պատերազմը, եթե համարեն, որ ունեն բացարձակ առավելություն Հայաստանի նկատմամբ կամ եթե դա անհրաժեշտ լինի ներքին խնդիրներից ուշադրություն շեղելու համար:

Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ցանկանում, սակայն բոլորը պետք է վստահ լինեն՝ մենք արժանապատիվ պատասխան կտանք նետված ցանկացած մարտահրավերի: Այլևս երբեք Արցախի բնակչությունը չի կանգնելու ֆիզիկական ոչնչացման վտանգի առջև: Հայաստանի Հանրապետությունը դրա երաշխավորն է», – հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նա նշել է, որ տարածաշրջանում կա մի պետություն, որն անվերապահորեն սատարում է Բաքվի հակահայ քաղաքականությանը:

««Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո ձևավորված թուրք-ադրբեջանական տանդեմը շուրջ քսան տարի շարունակ փորձում է շրջափակման, բաժանարար գծերի խորացման և համագործակցության բացառման միջոցով Հայաստանից միակողմանի զիջումներ կորզել: Դա նրանց չի հաջողվել և չի հաջողվելու:

Որպես խաղաղասեր, առաջադեմ և հեռատես ժողովուրդ, մենք գիտակցում ենք մեր տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ձևավորման կարևորությունը հարևանների հետ խաղաղ գոյակցելու և բնականոն զարգացման ճանապարհով ընթանալու համար: Հենց այս ամենի գիտակցմամբ էլ մենք նախաձեռնեցինք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Բոլորն են տեղյակ, թե ինչպիսի ճակատագրի արժանացավ այն, և ինչ պայմաններում Թուրքիան հետ կանգնեց իր ստանձնած պարտավորություններից՝ շարունակելով զմռսված պահել Եվրոպայի միակ փակ սահմանը:

Իրավիճակը Թուրքիայում շարունակում է լարվել: Հարևանների հետ «զրոյական խնդիրների» քաղաքականությունը «զրոյական արդյունք» տվեց: Դրա պատճառն այն է, որ Թուրքիան ձգտում է հարևանների հետ բոլոր խնդիրները լուծել հարևանների հաշվին: Այսօր Թուրքիան արագ զարգացող և մեծ առաջընթաց արձանագրող պետություն է, բայց այդ ընթացքը միշտ թերի է լինելու, և կանխատեսելի է դրա դրամատիկ ընդհատումը, եթե Թուրքիայի իշխանությունը լրջորեն չվերանայի իր վերաբերմունքը իր պետության և ժողովրդի պատմությանը: Այն այսօր էլ լրջորեն վտանգված է, քանի որ Թուրքիան կրկնում է իր իսկ պատմության սխալները:

Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը Թուրքիայի պարտքն է ցեղասպանության զոհերի, վերապրածների ու նրանց ժառանգների, համայն մարդկության, բայց առաջին հերթին՝ իր իսկ ժողովրդի առջև: Այսօր Թուրքիայի ժողովուրդը, թեև դանդաղ, բայց կասկածի տակ է դնում տասնամյակներ շարունակ թուրքական իշխանությունների մատուցված շինծու վարկածը, իսկ թուրքական հասարակության առավել առաջադեմ ու համարձակ հատվածը բարձրաձայն խոսում է Հայոց ցեղասպանության մասին:

Հայաստանի Հանրապետության համար Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը սոսկ արդարության և արդարադատության պահանջ չէ կամ նախնիների առջև ունեցած բարոյական պարտքի կատարում, այն ունի նաև անվտանգության նշանակություն: Կարծում եմ՝ առանց Թուրքիայի անկեղծ ապաշխարանքի և Ցեղասպանության հետևանքների վերացման, տարածաշրջանում Հայաստանի ապահով գոյությունը շարունակելու է մնալ վտանգված», – հայտարարել է Սերժ Սարգսյանը: