Հունվարի 17-ին և 18-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում երկու զինվորներ են մահացել: «Հայկական ժամանակ» օրաթերթն իր այսօրվա համարում երիտասարդների մահվան հետ կապված որոշ մանրամասներ է ներկայացնում:
Հունվարի 17-ին մահացած ժամկետային զինծառայող Արմենակ Մկրտչյանը Սյունիքի մարզի Սվարանց գյուղից էր: Համաձայն ՀՀ ՊՆ-ի վարկածի՝ տղան ունեցել է սուր սիրտ-թոքային անբավարարություն:
Սվարանցի գյուղապետ Արթուր Մարգարյանից «ՀԺ»-ն տեղեկացել է, որ Արմենակն ընդամենը դեկտեմբերի 5-ին էր զորակոչվել բանակ, իսկ մինչ այդ ոչ մի առողջական խնդիր չէր ունեցել:
«Հունվարի 12-ին Արմենակի պրիսյագը (երդման արարողությունը) պետք է լիներ, ու նույն օրը իրան տեղափոխել են հոսպիտալ: Առավոտյան ժամը 8-ին մայրը գնացել ա պրիսյագին, տեսել ա` Արմենակը զորամասում չի, արդեն տեղափոխել են հոսպիտալ: Մորն ասել են, որ նա կոմայի մեջ ա», – փոխանցել է գյուղապետը: Զինվորի մայրը երեկ՝ հունվարի 22-ին, չի կարողացել պատասխանել թղթակցի հարցերին:
Ինչպես հայտնի է, ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում Արմենակ Մկրտչյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), կատարվում է նախաքննություն:
Հունվարի 18-ին ժամը 20:55-ին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել էր շարքային Արտյոմ Հակոբյանը: ՊՆ-ի հաղորդագրության մեջ նշվում էր, որ Հակոբյանը 2013-ի հունվարի 13-ից գտնվել է հոսպիտալում բուժման մեջ:
Թերթի թղթակիցը զրուցել է Արտյոմ Հակոբյանի հոր՝ Գագիկ Հակոբյանի հետ:
«Մինչև բանակ գնալը Արտյոմը ոչ մի առողջական խնդիր չի ունեցել: Էրեխեն ջրծաղիկով ա հիվանդացել, 3-4 օր պահել են բուժկետում, հետո դուրս են գրել և բժշկական թուղթ են տվել, որ Արտյոմը մեկ շաբաթ ոչ մի բանի չպետք ա մասնակցի մինչև բուժվելը: 2-3 օր մնալուց հետո, իրան տարել են իրենց մոտ, սննդի պահեստի սառնարանի ներսում գռուզ են թափել տվել: Ջրծաղիկով հիվանդ էրէխուն տանում են սնունդ թափելո՞ւ, ո՛չ, չեն տանում: Եկել ա, նորից տաքությունը բարձրացել ա: Մյուս տղաս էլ ա նույն չաստում ծառայում, եկել ա տեսնի, ոնց ա Արտյոմը, տեսել ա տաքությունը բարձրացել ա 37.7 աստիճան, տարել ա նորից բուժկետ, գիշերը պահել են բուժկետում, առավոտը տեղափոխել Խոջալուի հոսպիտալ: Կասկածել են, թե Արտյոմի մոտ թոքաբորբ ա, տարել են Ստեփանակերտ, նկարել են թոքերը, տեսել են մաքուր ա, հունվարի 12-ին հետ են բերել նորից Խոջալուի հոսպիտալ, և հոսպիտալում էլ էրեխեն կոմայի մեջ ա ընկել: Հունվարի 13-ին տեղափոխել են Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, ինձ տեղյակ են պահել, գնացել եմ», – ասել է հայրը:
Նա կարծում է, որ հնարավոր է, երեխայի մահվան պատճառը զորամասի և Խոջալուի հոսպիտալի բժիշկները լինեն: Նա ասել է, որ Երևանի Կենտրոնական կլինիկական հոսպիտալի բժիշկներն իրենց բոլոր հնարավորությունները ներդրել են երեխային կոմայից հանելու համար, բայց չեն կարողացել:
Գագիկ Հակոբյանը տեղեկացրել է, որ Արտյոմը բանակ էր զորակոչվել նոյեմբերի 22-ին:
«Շատ աստղով երեխա էր, ոչ ծխում էր, ոչ խմում, ոչ խուլիգանություն էր անում: Սովորել ա Քաջարանի քոլեջում որպես էլեկտրազոդող, համատեղ էլ գնացել ա վարորդական դասընթացների», – պատմել է հայրը:
Հակոբյանն ասում էր, որ ինքը թույլ չի տալու, որ իր ավագ որդին, որն Արտյոմի հետ ծառայում էր նույն զորամասում և չորս ամսից պետք է զորացրվի, հետ վերադառնա և շարունակի ծառայությունը: «Ով ուզում ա, թող գա, ինչ ուզում են անեն, թույլ չեմ տալու գնա ծառայի մինչև երեխուս գլուխն ուտողը պատասխան չտա իմ առաջ», – ասում էր մահացած զինվորի հայրը:
«ՀԺ»-ի թղթակիցը զրուցել է զորամասի հրամանատարի հետ: Վերջինս հայտարարել է. «Ես հեռախոսով նման դեպքերի մասին չեմ կարող խոսել, մանավանդ, բջջային հեռախոսով, որը լսում է ա ամբողջ Ադրբեջանը»:
Հիշեցնենք, որ 2011 թվականի դեկտեմբերի 30-ին ջրծաղիկից մահացել էր զինծառայող Հայկ Խաչատրյանը, որի գործի քննությունը շարունակվում է: