Ադրբեջանի Իսմաիլի քաղաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ավելի վաղ Epress.am-ը գրել էր Բաքվից 190 կմ հեռավորության վրա գտնվող բանակավայրում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասին:
Ոստիկանության վարկածի համաձայն, ամեն ինչ սկսվել է աննշան ճանապարհատրանսպորտային պատահարից, որում ներգրավված է եղել Իսլամիլիի շրջանի բարձրաստիճան պաշտոնյայի որդին, սակայն լրատվամիջոցներն իրենց վարկածն են առաջարկում:
Մասնավորապես, «Ազադլիղ» ռադիոկայանը նշում է, որ մարդկանց տարերային բողոքի արմատներն ավելի խորն են: Տեղի բնակիչները բողոքում են սոցիալական խնդիրների պատճառով՝ գործազրկություն, ցածր աշխատավարձեր, կոմունալ ծառայությունների բարձր գներ:
Contact Online կայքը նշում է, որ Իսմաիլին գտնվում է նախալեռնային գոտում, որտեղ մեծ է չինովնիկների և օլիգարխների իշխանությունը, ովքեր գյուղացիներին դուրս են մղում իրենց հողերից: Այդ հատվածում սոցիալական բաժանումը ծայրահեղ աստիճանի է հասել, մարդկանց համբերության բաժակը լցվել է, իսկ ավտովթարը անկարգություններ սկսելու միայն ձևական պատճառ է հանդիսացել:
Տվյալ շրջանում մարդիկ դժգոհ են «ռեպրեսիվ ռեժիմից», օլիգարխները տիրացել են հողերին, թույլ չեն տալիս մարդկանց որս անել անտառում, որոշ գյուղերում սահմանափակում են գյուղացիների տեղաշարժը, հատուկ անցակետեր են տեղադրվել, որտեղ ստուգում են մարդկանց անձնագրերը:
Այս պահին Իսմաիլիում աշխատում է Բաքվից ժամանած հանձնաժողովը, որը փորձում էր պարզել անկարգության պատճառները: Քաղաք անգամ զորքերեր են մտցրել: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: