ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի վրա ծանր ազդեցություն են ունեցել վերջին օրերին նախընտրական հանդիպումների ընթացքում ՀՀ նախագահի Սերժ Սարգսյանի զրույցները քաղաքացիների հետ ու երկխոսության ընթացքում գործող նախագահի «հորդուբորդով» պատասխանները: Այս մասին Հարությունյանն ասել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
«Ազդեց հատկապես քաղաքացիների հետ երկխոսությունը՝ Հայոց բանակի 21-րդ տարեդարձի օրը Եռաբլուրում, այնուհետ՝ Մովսես գյուղում: Ինքը գյուղացուն ասում էր՝ «ե՞ս եմ մեղավոր, որ քո երեխաները Հայստանում չեն»: Իհարկե, ինքն է մեղավոր: Կներեք՝ եթե մեկը 5 տարի նախագահ է եղել ու չի պատկերացնում, որ ամեն մի երեխայի համար, որի հայրը այստեղ չէ, շատերը նույնիսկ թողել են ընտանիքներն ու հեռացել են: Ամենադժվարը տղամարդու համար դատարկ գրպանով տուն մտնելն է, գնացեք նույն Մարտունու գյուղերը կամ Հայաստանի ցանկացած գյուղ ու կտեսնեք, որ տղամարդկանցից շատերը գնացել են օտար-ամայի ճամփեքով: Այս դեպքում իշխանության խնդիրը ո՞րն է»,- հարցրել է Հարությունյանը:
Ըստ բանախոսի՝ ողբերգության պատճառները ակնհայտ են:
«Ժամանակին Նապոլեոնը իր կողքին պահում էր ակադեմիկոսների ու մի շարք խելացի մարդկանց: Էսօր նայում ենք, թե ովքեր են մեր նախագահի շրջապատի մարդիկ՝ Սամվել Ալեքսանյան, Առաքել Մովսիսյան, Ռուբեն Հայրապետյան, Մհեր Սեդրակյան, ու բնական է, որ այդպես էլ պետք է լինի, շրջապատը շատ է մարդու վրա ազդում: էսօր նայեք՝ նախագահին ովքեր են խորհուրդ տալիս. կարա՞ք մի հատ քաղաքական գործիչ ասեք, որ նախագահին խորհուրդ է տալիս: Ես չգիտեմ՝ ելույթներ են գրվում, բայց էդ ելույթները ոչինչ չասող են, եթե նախագահը չի զգում ամեն մի քաղաքացու ցավը, ինքը չի ապրում էդ ցավով, ինքը յուրաքանչյուրի նախագահը չի, դա արդեն նշանակում է, որ ինքը իր տեղում չէ»,- ասել է բանախոսը:
Հարությունյանը հիշեցրել է, որ ինքը արդեն այդ մասին կարծիք է հայտնել՝ չի կարելի այդ տոնով խոսել, ու առհասարակ նախագահին պատիվ չի բերում նման պահվածքը:
«Չի կարելի վարունգի թեմայով ինչ-որ բան ասել, մանավանդ, որ հայկական բանահյուսությունը շատ հարուստ է վարունգի թեմայով առակներով: Կոչ եմ անում բոլոր ապագա նախագահներին, որ չմոռանան, որ ի վերջո իրենք մի օր նախագահ չեն լինելու ու սահմանամերձ մի գյուղում բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ չեն զբաղվելու», – ասել է բանախոսը:
Հիշեցնեք, որ Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի օրը, Եռաբլուր պանթեոն այցելած Սերժ Սարգսյանին մի կին էր մոտեցել և խնդրել օգնել՝ ասելով, որ ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում, որ մի որդին հիվանդ է, իսկ մյուսը երեք տարի առաջ մահացել է դեղերի թունավորումից: Սերժ Սարգսյանը կնոջը հարցրել էր՝ արդյո՞ք իր որդին զոհվել է, իսկ երբ կինը պատասխանել էր, որ երեխան հիվանդ է, Սերժ Սարգսյանն արձագանքել էր. «Բա հիվանդ երեխա է, եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես»:
Նմանատիպ միջադեպ էր գրանցվել երեկ Տավուշի մարզում, երբ Մովսես գյուղի եկեղեցու բակում Սերժ Սարգսյանին էր մոտեցել մի տարեց մարդ, ով բողոքել էր նախագահին՝ նշելով, որ գյուղը դատարկվում է, երեխաներն էլ Ռուսաստանում են:
Ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել էր. «Ե՞ս եմ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են: Դրա համա՞ր էլ եմ ես մեղավոր, չթողնեիր՝ գնային»:
«Եթե զավոդ լիներ, աշխատեին՝ չէին գնա»,- հակադարձել էր գյուղացի մարդը:
«Գյուղում զավոդ լինե՞ր»,- հարցրել էր Սարգսյանը և տարեց մարդու «հա» պատասխանից հետո շարունակել. «Այ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում: Հայրի´կ ջան, առանց այն էլ մենք շատ մեղքեր ունենք, ինչի՞ եք նոր մեղք բարդում մեր վրա: Եթե ասեիք՝ գյուղում գազ, ջուր, ճանապարհ չլիներ, կասեի` ես եմ մեղավոր, դրա համար ես եմ պատասխանատու, բայց որ քո էրեխեքը գնացել են Ռուսաստան՝ ե՞ս եմ մեղավոր: Թող մնար, գյուղում հող մշակեր, անասուն պահեր»: