Գալիք երկուշաբթի կայանալիք նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ փետրվարի 14-ի դրությամբ քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 24 դեպք, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, 1 նյութ անհիմն լինելու պատճառով թողնվել է անհետևանք, 2 դեպքով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 21 դեպքերով նախաքննության և հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր, որոնցից 3 դեպքով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, իսկ 1 դեպքով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը (Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը):
Ոստիկանության մամուլի ծառայությունը նաև հաղորդում է, որ երեկ «Ժառանգության» երիթևի ներկայացուցիչ Դանիել Իոանիսյանը ոստիկանություն է զանգահարել՝ նշելով, որ Արզումանյան փողոցի թիվ 12 հասցեում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ակտիվիստներին ծեծի են ենթարկել:
Ոստիկանության ծառայողները նշված վայրից բաժին են հրավիրել 20-ամյա Արման Ղ.-ին, 21-ամյա Սաթենիկ Մ.-ին, 19-ամյա Կամո Ա.-ին և 22-ամյա Սարգիս Կ.-ին, որոնցից Արման Ղ.-ն հաղորդում է տվել, որ ինքը ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կամավոր է և ընկերոջ՝ Կամո Ա.-ի հետ թռուցիկներ են բաժանել Արզումանյան փողոցի թիվ 10 շենքում: Ոստիկանության հաղորդագրության համաձայն, այդ ընթացքում Կամո Ա.-ն, վերցնելով մուտքում դրված ցախավելը, սկսել է ավլել, ինչի կապակցությամբ էլ բնակիչներից Սարգիս Կ.-ն նկատողություն է արել նրան ու ծագած վիճաբանության ընթացքում ձեռքով հարվածել իրեն և ընկերոջը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: