Արդեն մեկ ամիս նոր հարկի ներմուծման դեմ պայքարող ստոմատոլոգները փետրվարի 18-ին՝ նախագահական ընտրությունների օրը, անելու են ամեն հնարավորը՝ որպեսզի գործող նախագահ Սերժ Սարգսյանը չվերընտրվի: Այս մասին նրանք հայտարարել են այսօր Ամերիկյան համալսարանի բակում կազմակերպված հերթական բողոքի ակցիայի ժամանակ:
Ակցիայի մասնակիցներից շատերը վստահեցրել են, որ թեև օրեր առաջ որոշել էին չմասնակցել ընտրություններին, սակայն այժմ գտնում են, որ մսանակցությունը պարտադիր է:
«Գնալու եմ ու խոստանում եմ՝ կգտնեմ ճիշտ ձևը, որ իրենք չընտրվեն (նկատի է ունեցել գործող իշխանության ներկայացուցչին – խմբ.)», – Epress.am-ին ասել է ստոմատոլոգ Նարինե Բաբախանյանը:
Բժշկուհին նշել է, որ, շատերի պես, ստոմատոլոգներն էլ կբռնեն արտագաղթի ճանապարհը, և Հայաստանը կգոյատևի տրանսֆերտների շնորհիվ:
«Ինչպես վարչապետն էր ասում՝ արտագաղթը օգուտ է երկրին, իհարկե, շատ լավ է՝ մի կողմից Հայաստանից հեռանում է հեղափոխությունը, մյուս կողմից՝ դրսի ուղարկված գումարների հաշվին պետությունը կգոյատևի», – ասել է Բաբախանյանը:
«Ես ուզում էի չգնալ ընտրության, որովհետև ոչ մի հավատ դեպի առաջ կամ դեպի ապահով Հայաստան չեմ տեսնում: Ուզում էի այնքան միամիտ գտնվել, իմանալ, որ նախագահը այս ամենից տեղյակ չէ, հիմա առավել քան վստահ եմ, որ տեղյակ է», -նշել է ստոմատոլոգ Կարինե Պետրոսյանը:
Ակցիայի մասնակիցներից շատերն ասել են, որ ընտրությունների օրն իրենց ձայնը տալու են ըննդիմադիր թեկնածուին, «եթե այդպիսին կա»: Մյուսներն էլ նշել են, միևնույնն է, ընտրությունների հետ որևէ հույս չեն կապում:
Ակցիայի ընթացքում ստոմատոլոգները նաև հայտնել են, որ պատրաստվում են բաց նամակ հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին:
Հիշեցնենք, որ ստոմատոլոգները պայքարում են նոր օրենքի դեմ՝ որի համաձայն յուրաքանչյուր բոռ-մեքենայի համար պետք է ամսական 80-ից 100 հազար դրամ վճարեն, ինչը, նրանց խոսքով, անհնար է դարձնում ոլորտում աշխատելը: Ստոմատոլոգներից շատերը պնդում են, որ դա արվում է ոլորտից փոքր կլինիկաները դուրս մղելու համար, քանի որ ԱԺ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանը կլինիկաներ է բացում՝ ցանկանալով մենաշնորհել ոլորտը: