Նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուի անունը Րաֆֆի Հովհաննիսյան չէ, նրա անունը Հակասերժ կամ Հակասարգսյան է: Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Կովկասի ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով՝ Ազատության հրապարակի էներգիան քաղաքական դիմադրության էներգիայի վերածելը շատ դժվար է, որովհետև այդ ձայները մեծամասամբ ոչ թե Հովհաննիսյանինն են, այլ ընդդիմադիր զանգվածի:
«1996-ին Հայաստանում հաղթել է թեկնածու Վազգեն Մանուկյանը: Հետո հաղթել է Ստեփան Դեմիրճյանը, 2008-ին հաղթել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Ինչո՞վ վերջացավ այդ ամենը: Սա քաղաքական ավանդույթ է. Հայաստանում պարտված կողմը սովորաբար չի ընդունում իշխանության եկած նախագահի հաղթանակը, հայտարարում է ընտրակեղծիքների մասին, կազմակերպում է բողոքի ակցիաներ»,- կարծում է քաղաքագետը:
Նրա խոսքով՝ «Ժառանգությունը» հիանալի աշխատել է ընտրություններին, նրանց թեկնածուն շաբաթական 4% էր ավելացնում, մեծ թվով ձայներ հավաքեց, հավաքեց բոլոր ընդդիմադիր ձայները: Սակայն 2008 թվականին, Իսկանդարյանի կարծիքով, իրավիճակն այլ է. Լևոն Տեր-Պետրոսյանի ստացած ձայները Տեր-Պետրոսյանի ձայներն էին:
«Հասկանալի է՝ ինչ պետք է լինի, որ իրավիճակում բեկում մտցվի՝ 500 000 մարդ հրապարակում մի շաբաթ շարունակ: Դա պարոն Հովհաննիսյանը չի կարող անել: Դա կախված է նաև իշխանությունների գործելակերպխից, որոնք, իմ կարծիքով, ամենախելացի կերպով չէ որ իրենց դրսևորում են»,- ասել է Իսկանդարյանը և վստահություն հայտնել, որ ապրիլի 9-ին կկայանա Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, և նա շարունակելու է մնալ նախագահի պաշտոնում:
«Կարծում եմ՝ քչերն են դրանում կասկածում», – եզրափակել է քաղաքագետը: