ՀՀ ոստիկանությունը որոշել է աննախադեպ շռայլ գտնվել «Սեքյուրիթի դրիմ» կազմակերպության նկատմամբ, իր այսօրվա համարում գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդգրկված է ՀՀ ոստիկանությանն ամրակցված Երևանի Զաքարիա Քանաքեռցու 74 հասցեում գտնվող 1100 քմ հողատարածքը «Սեքյուրիթի դրիմ»-ին անհատույց տրամադրելու հարցը:
«Խոսքն այն ընկերության մասին է, որը տեղադրում և սպասարկում է մայրաքաղաքում արագաչափ սարքերն ու տեսախցիկները, և որի սեփականատերը Սերժ Սարգսյանի մերձավորներն են, ըստ որոշ լուրերի, փեսան՝ Միքայել Մինասյանը: Փաստորեն, մեր երկրում Սերժ Սարգսյանի մերձավորների շահերն ավելի բարձր են գնահատվում, քան պետական գերատեսչության շահերը: Եվ պատրաստ են երկրի համար անվտանգության նշանակություն ունեցող օբյեկտներն անհատույց նվիրել նրանց: Ընդ որում, ոստիկանությունն իր տարածքներն անհատույց տրամադրում է մի կազմակերպության, որն ահռելի շահույթներ ունի. տեսախցիկների ու արագաչափերի միջոցով արձանագրված խախտումների դիմաց գանձված գումարների միայն 30 տոկոսն է գնում պետբյուջե, իսկ 70 տոկոսը՝ «Սեքյուրիթի դրիմ»-ին: Մի քիչ շա՞տ չէ», – գրում է թերթը: