ՀՀ ճանապարհային ոստիկանությունը գտնում է, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթի կողմից «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության մասին տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Նշենք, որ թերթը գրել էր, որ այսօր ՀՀ կառավարության որոշմամբ ոստիկանթյունն իրեն ամրակցված տարածքներից մեկը տրամադրելու է մայրաքաղաքում արագաչափ սարքերի ու տեսախցիկների տեղադրմամբ ու սպասարկմամբ զբաղվող ընկերությանը, որը պատկանում է Սերժ Սարգսյանի մերձավորներից մեկին:
Ոստիկանության տարածած պարզաբանման մեջ նշվում է, որ «տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելն ամենևին չի նշանակում սեփականության իրավունքով հատկացում, այլ ընդամենը տարածքը տրամադրվում է որոշակի ժամանակահատվածով օգտագործելու, այն է՝ վերը նշված պայմանագրով նախատեսված սարքավորումների (որոնք ևս տեղադրման պահից հանձվում են ոստիկանությանը և հանդիսանում են պետական սեփականություն) տեղադրման և շահագործման համար»:
Ճանապարհային ոստիկնությունը միաժամանակ տեղեկացնում է, որ «վարչական իրավախախտումների գործերով նշանակված տուգանքների գանձված գումարների 70%-ը «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շահույթը չի հանդիսանում, այլ դրանով վճարվում է պայմանագրով նախատեսված ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման գինը»: