Երեկ Լոնդոնում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը, որում հաղթանակ տարավ նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը:
Վերջին տուրից առաջ նա հավասար միավորներ ուներ ռուսաստանցի Վլադիմիր Կարմնիկի հետ: Վերջնիս օգնության հասավ հայրենակից Պյոտր Սվիդլերը, ով սև ֆիգուրներով կարողացավ պարտության մատնել Կառլսենին, սակայն Կրամնիկը, իր հերթին, պարտիան տանուլ տվեց սպիտակներով հանդես եկող ուկրաինացի Վասիլի Իվանչուկին:
Այսպիսով, Կառլսենն ու Կրամնիկը հավասար՝ 8,5-ական միավոր վաստակեցին: Միմյանց միջև անցկացրած երկու հանդիպումներն էլ ոչ-ոքի էին ավարտվել, իսկ երկրորդ լրացուցիչ ցուցանիշով՝ հաղթանակների թվով, Կառլսենն առավելություն ուներ Կրամնիկի նկատմամբ՝ 5-ը 4-ի դիմաց:
Կառլսենը հաղթող հռչակվեց և հնարավորություն ստացավ աշխարհի չեմպիոնի թագը վիճարկել հնդակստանցի Վիշվանաթան Անանդի հետ:
Հայաստանցի Լևոն Արոնյանը վերջին տուրում պարտության մատնեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին՝ վաստակելով 8 միավոր: Նույնքան միավոր ունի Պյոտր Սվիդլերը, ով անձնական հանդիպումներում մեկ հաղթանակ էր տարել Արոնյանի նկատմամբ և մեկ պարտիա ոչ-ոքիով ավարտել: Դա հնարավորություն տվեց Սվիդլերին շրջանցել հայաստանցի գրոսմայստերին:
Արոնյանի ելույթը մրցաշարի առաջին շրջանում ուրախացնում էր իր երկրպագուներին, սակայն երկրորդ շրջանը Լևոնը հիմնականում ձախողեց:
2-րդ շրջանի առաջին պարտիայում ոչ-ոքի խաղալով Կառլսենի հետ՝ նա այնուհետև սևերով զիջեց Բորիս Գելֆանդին, ապա սպիտակներով պարտության մատնեց Վասիլի Իվանչուկին և կրկին սևերով զիջեց Սվիդլերին:
Ամենակարևոր՝ 12-րդ տուրում, Արոնյանը հնարավորություն ուներ կրկին վերականգնել առաջատարի իր դիրքերը: Այդ պահին նա զիջում էր թե Կառլսեին, թե Կրամնիկին, սակայն նորվեգացին սպիտակներով անակնկալ պարտություն կրեց Իվանչուկից: Արոնյանը սպիտակներով խաղում էր Կրամնիկի հետ, բայց կարևոր պահին չկարողացավ արդյունավետ խաղ ցուցադրել և տանուլ տվեց պարտիան՝ զրկվելով հաղթողի կոչումը նվաճելու հույսերից: