Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, ով Facebook-ում բացված «Մեկ միլիոնանոց երթ ապրիլի 8-ին» իրադարձության էջի հեղինակն է, բաց նամակ է հղել Սերժ Սարգսյանին, որում հայտնել է, որ ապրիլի 9-ից վերջինս կդադարի Հայաստանի նախագահ լինել:
«Պարոն Սարգսյան, իմ անունը Սերժ չի, և ոչ էլ Շարլ կամ Րաֆֆի, որպեսզի Դուք իմ նամակին արագ արձագանքեք կամ ընդհանրապես արձագանքեք, բայց ես ունեմ մի մեծ առավելություն ակնկալելու, որ իմ նամակը չի մնա անարձագանք. ի տարբերություն վերոնշյալ պատվավոր հայերի` ես Ձեզ ընտրել եմ որպես իմ երկրի նախագահ` իմ քվեն վստահելով Ձեզ 2008 թվականին: Հավատացել եմ Ձեր նախընտրական ծրագրին և խոստացած բարեփոխումներին:
Իմ ընտանիքը, ենթարկվելով ռեպրեսիայի, 1994թ. ստիպված լքել է Հայրենիքը, և միայն 1996 թ. հնարավորություն է ունեցել վերադառնալու հետ: Ես տուն եմ սարքել հայրենի հողում, հարյուրավոր ծառեր տնկել, տղա ունեցել, որ ծառայի Հայոց բանակում և իր Հայրենիքին:
2009-ին Ձեր ելույթներից մեկում Դուք կոչ արեցիք անվերջ բողոքելու փոխարեն օգնել Ձեզ` իրականացնելու մեր երազանքը` ազատ, արդար ու բարեկեցիկ կյանք ունենալու, մեր աննման Հայրենիքը շենացնելու գործում մեր լուման ներդնելով: 2009-ին նույն խնդրանքով ինձ դիմեց նաև Պաշտպանության նախարարը` հանդիպելով մեզ Դիլիջանում` ֆիլմհրապարակում: Ես, կրկին հավատալով ձեզ, թողեցի իմ եկամտաբեր աշխատանքը` մտածելով, որ նրանով ես չեմ օգնում իմ Հայրենիքին, և որոշեցի զբաղվել ավելի Հայրենանվեր գործով: Համոզված էի, որ ամեն ոք եթե իր մասնագիտական կարողություններով օգնի Հայրենիքի զարգացմանը, ապա վաղվա օրը հաստատ ավելի լավը կլինի բոլորիս համար: Առանց որևէ մեկի օգնությանը դիմելու, առանց որևէ հովանավորության կամ փոխհատուցման ակնկալիքների ես իմ ունեցվածքի հաշվին սկսեցի մեր սիրելի Երևանի բարեկեցությանն ու մաքրությանն ուղղված, ռազմա-հայրենասիրական ոգին բարձրացնող սոցիալական հոլովակներ, և վերջապես, մեր առաքինի կանանց, մեր անմահ հերոսներին, մեր հերոսածին մայրերին ու անպարտ բանակին նվիրված ֆիլմ նկարել: Ես սկսեցի անվճար դասախոսություններ կարդալ մեր բուհերն ավարտած երիտասարդների համար, (Տղա երեխաների ճիշտ դաստիարակությունը հայ մայրերի կողմից թեմայով). Նպատակս Հայոց բանակի համար պատրաստ տղամարդ-զավակների դաստիարակությունն էր:
Պարոն Սարգսյան, ես չեմ ուզում շարունակել թվարկել իմ արածները, միայն կասեմ որ ես այս հինգ տարում արեցի այն ամենը, ինչ Դուք պահանջում էիք Ձեր ընտրողներից, իսկ Դուք չարեցիք ոչինչ ձեր խոստացածներից: Արդյունքում ես` Ձեր ընտրողը, հայտնվեցի խաբվածի կարգավիճակում և հասկացա, որ Դուք շահագործել եք իմ վստահությունը և հասցրել ինձ անասելի թշվառության ու հուսախաբության: Խնդրում եմ բացատրել` որտեղ եմ ես սխալվել. որ հավատացե՞լ եմ Ձեզ, որ ընտրե՞լ եմ Ձեզ, որ արել եմ ամենը, ինչ պահանջվում է օրինապահ քաղաքացու՞ց, որ սիրելով իմ հայրենիքը` թողել եմ արտասահմանի բարեկեցիկ կյանքն ու վերադարձե՞լ, որ անշահախնդիր կերպով նվիրվել եմ հայրենիքիս շենացման գործի՞ն… Պարոն Սարգսյան, ես կարծում եմ, որ սխալվել եմ` հենց վստահելով և ընտրելով Ձեզ` որպես հանրապետության նախագահ…
Այս անգամ ես Ձեզ չեմ ընտրել, և ավելին, ես դուրս եմ գալիս փողոց պայքարելու իմ և իմ նմանների համար` ընդդեմ ձեր համակարգի, որն օրինապահ մարդկանց, իրական հայրենասերներին և հասարակ քաղաքացիներին չի ծառայում, այլ հանցագործ ու թալանչի տարրերին: Այլապես մենք չէինք լինի թշվառության մեջ ու անպաշտպան, իսկ նրանք` բարգավաճած ու ապահով:
Պարոն Սարգսյան, Ապրիլի 9-ից ինձ համար Դուք այլևս իմ երկրի նախագահը չեք… Այսօր, ապրիլի 8-ին, Ձեր նախագահության վերջին օրն է, և ես, իմ որդու ձեռքը բռնած, եկել եմ նախագահական նստավայր` հայտնելու Ձեզ իմ հրաժարականը` հաջորդ օրվանից Ձեզ նախագահ ճանաչելու», – գրել է Արշակ Զաքարյանը: