Ապրիլի 9-ին իշխանությունները ապացուցեցին, որ պատրաստ չեն լսել ընդդիամդիր մարդկանց պահանջը, այլ հմտացած են մեկ հարցում. ժամանակ ձգել, որպեսզի մարի ժողովրդի բողոքի ալիքը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
Ըստ բանախոսի՝ ներքաղաքական զարգացումները վկայում են այն մասին, որ ընդդիմությունը նաև որևէ քայլ չի անում միավորվելու որևէ խնդրի շուրջ:
Ալավերդյանի խոսքով՝ համախմբվելուն խանգարում է այն, որ ընդդիմադիր ուժերը ունեն հավակնությունները: Նա ասել է, որ առաջին հերթին նկատի ունի ՀԱԿ-ին, իսկ այդ կուսակցության քաղաքական հավակնությունների մասին նախ վկայում է այն փաստը, որ ՀՀՇ-ն վերանվանվեց ՀԱԿ-ի:
Ինչևէ, բանախոսի խոսքով՝ հավանական է, որ ընդդիմադիր ուժերը կհամախմբվեն Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում, քանի որ համայնքային ընտրություններին առաջնայինը սոցիալական հարցերի լուծման ծրագրերն են, ոչ թե քաղաքական ծրագրերը, իսկ սոցիալական հարթության մեջ ընդդիմադիր ուժերի տարաձայնությունները քիչ են:
«Ես կարծում եմ, որ միայն քաղաքական ուժերը չեն կարող մեր երկրում իրավականության վերականգնման խնդիրը լուծել: Պետք է հասարակությունն իր կամքը պարտադրի: Ես ավելի կողմ եմ համայնքներից սկսելուն, նաև այն պատճառով, որ այդտեղ իշխանությունների դիմադրությունն ավելի փոքր կարող է լինել: Պետք է համայնքները գիտակցեն ինքնակառավարման մարմինների կարևորությունը»,- ասել է Լարիսա Ալավերդյանը: