Home / Հայաստան / Բանկային համակարգում ճգնաժամ է գործարարների վարկերի պատճառով. թերթ

Բանկային համակարգում ճգնաժամ է գործարարների վարկերի պատճառով. թերթ

Հայաստանի բանկային համակարգում ճգնաժամ է հասունանում, իր այսօրվա համարում գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Թերթի տեղեկությունների համաձայն, հիմնական պատճառը կապված է վարկային համակարգի հետ:

«Բանն այն է, որ մի շարք խոշոր գործարարներ մեծ թվով տարաբնույթ վարկեր են վերցրել ու հիմա չեն կարողանում մարել: Օրինակ, գործարարներից մեկն իր կոնյակի գործարանն է գրավադրել՝ ցույց տալով, թե քանի տակառ կոնյակ ունի, սակայն ամիսներ անց կոնյակը վաճառել է, և հիմա բանկերից մեկը բացահայտել է, որ տակառները դատարկ են. կա միայն գործարանի շենքը… Բանկերից մեկում էլ գրավադրված է եղել 2 թռչնաֆաբրիկա՝ դարձյալ հայտնի գործարարի կողմից, բայց այդ ֆաբրիկաները գոյություն են ունեցել միայն փաստաթղթերով: Բանկային խնդիրն ավելի է սրվել «Արմավիա»-ի սնանկացումից հետո, քանի որ տարբեր բանկերի այս ընկերության վարկային պարտքերը հասնում են 50-60 մլն դոլարի», – գրում է «Ժողովուրդ»-ը:

Թերթը նշում է նաև, որ հսկայական պարտքեր է կուտակել «Սթար դիվայդ» ընկերությունը, որի ղեկավար Գևորգ Աֆանդյանի ունեցվածքի մեծ մասը գրավի տակ է:

Թերթի աղբյուրների պնդմամբ՝ իրավիճակը լրջորեն մտահոգել է նաև Կենտրոնական բանկին, որտեղ թեմայի առնչությմաբ խորհրդակցություններ են անցկացվել: