Home / Հայաստան / «Նախարարը պետք է հրաժարական տա». մահացած կալանավորից կաշառք էին ուզել

«Նախարարը պետք է հրաժարական տա». մահացած կալանավորից կաշառք էին ուզել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացած Ժորժ Բաղումյանի եղբայրը պնդում է, որ գործը քննող քննիչն իրենցից գումար է ուզել՝ եղբոր նկատմամբ խափանման միջոցը փոխելու համար:

Այս մասին Սերժ Բաղումյանը հայտարարել է այսօր եղբոր մահվան փաստի և առհասարակ քրեակատարողական հիմնարկների վիճակի մասին ահազանգող մամուլի ասուլիսի ժամանակ, որին մասնակցել է Բաղումյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը և «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Միքայել Դանիելյանը:

Ավելի վաղ Epress.am-ը ներկայացրել էր 65-ամյա Ժորժ Բաղումյանի պատմությունը, մեղադրվում էր հարկերից խուսափելու և անօրինական զենք պահելու համար:

Սերժ Բաղումյանի խոսքով՝ դեռ վաղուց ինչ-որ մարդիկ առաջարկել են իր եղբորը, որ իրենց վճարի և իրենք նրա հարկերը «կջնջեն»:

«Ինձ էլ են առաջարկել, ես մի փոքր տարածք ունեմ Հայաստանում: Բայց ես ասեցի, որ մեծ հաճույքով հարկերը կտամ, պետք չի ջնջել»,- պատմել է մահացածի եղբայրը:

Նա ասել է, որ Ժորժի մահը համարում է սպանություն, քանի որ քրեակատարողականում նրան բուժօգնություն չեն ցուցաբերել, պահել են բուժմասում, բայց չեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Մուշեղ Շուշանյանը նշել է, որ օրենքով Բաղումյանին հիմք չկար կալանավորելու, դատարանը բոլոր հիմքերն ուներ նրան գրավի դիմաց ազատելու համար,քանի որ նա չէր մեղադրվում ծանր հանցագործություն գործելու համար:

Բացի դա, նրա առողջական վիճակը մշտապես վատ է եղել և դատարանում քանիցս բարձրաձայնվել է, որ նրա անազատության մեջ մնալը և բուժօգնությունը չստանալը վտագավոր է կյանքի համար:

65-ամյա Բաղումյանը եղել է հիպերտոնիկ, նախկինում տարել էր սրտի կաթված, տառապում էր շաքարախտով:

Շուշանյանի խոսքով՝ Բաղումյանի նկատմամբ դիտավորություն է կատարվել. որոշ մարդիկ նպատակ են ունեցել տիրանալու նրա ունեցվածքին: Ըստ փաստաբանի՝ քննիչ Էդգար Անտոնյանը ուղիղ տեքստով ասել է, որ կալանք չի կիրառվի այն ժամանակ, երբ Բաղումյանը վճարի 41 միլիոն դրամ չվճարված հարկերը, մինչդեռ որևէ ապացույց այդ պարտքի մասին դատարան չի ներկայացվել:

Շուշանյանի խոսքով՝ հանգուցյալին պատկանող ընկերությունում հաշվապահական գործերով զբաղվել է Վահագն Ամիրյանը, ով եղել է Աշտարակի հարկային տեսչության աշխատակից: Վերջինս և գործով որպես մեղադրյալ անցնող Կարեն Գրիգորյանը շահագրգռված են եղել Բաղումյանի ունեցվածքին տրիանալու, կամ եղել են գործիք այլ մարդկանց ձեռքին և օգտվել են քննիչի հովհանավորությունից: Շուշանյանը պարզաբանել է, որ քննիչ  Էդգար Անտոնյանը, ով հետևողական էր Բաղումյանին ՔԿՀ-ում պահելու հարցում, Կարեն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն չի ներկայացրել, այլ երկրից չբացակայելու մասին ստորագրությամբ բաց է թողել և չի  փոխել միջնորդությունը անգամ այն բանից հետո, երբ Գրիգորյանը բացակայել է երկրից և մաքսանենգություն արել:

Բաղումյանի կյանքի իրավունքի խախտման մեջ, Շուշանյանի խոսքով, մեղավոր է պետությունը:

Թե Շուշանյանը, թե Միքայել Դանիելյանը պնդել են, որ նման մահվան դեպքից հետո նորմալ երկրներում արդարադատության նախարարը, ՔԿՀ-ի տնօրենը հրաժարական կտային՝ առանց դատավճռի մարդուն պատժելու և մահվան տանելու համար:

Ըստ բանախոսների՝ Բաղումյանի դեպքը եզակի չէ: «Նուբարաշենում» 1200 բանտարկյալ կա, և ընդամենը մեկ բուժակ:

«Մարդը մահացել է և սա ապացուցում է, որ մեզ մոտ արդարադատության համակարգ չկա, այլ պատժիչ համարկարգ է, և որ բարեփոխումների մասին խոսքերը զրո են: Սա եզակի դեպք չէ: Շատ փաստաբաններ չեն հետևում, Շուշանյանի նման  մահվանից հետո ուշադրություն չեն դարձնում դեպքերին, բայց դա չի նշանակում, որ այս խնդիրը չկար մինչև հիմա», – ասել է Դանիելյանը:

Ըստ իրավապաշտպանի՝ ոչ թե մահվանից հետո պետք է փաստաբանն ու հարազատները ասուլիս անեն, այլ քանի դեռ կալանավորը հիվանդ էր և նոպաներ էր ունենում, այդ մասին պետք է ահազանգեին ՔԿՀ-ներ մտնող հասարակական դիտորդական խմբի ներկայացուցիչները և ասեին, որ այդ մարդուն հանել է պետք:

Շուշանյանն ասել է, որ կալանքի տակ գտնվող ծանր հիվանդների թիվը մեծ է և սա համակարգային խնդիր է: Որպես ևս մեկ օրինակ, փաստաբանը նշել է կալանավոր Բորիս Պետրոսյանի անունը, ով «Նուբարաշենում» է արդեն 2012 թվականի հուլիսից, թեև նրա վիճակը ծանր է և քննչական որևէ գործողություն չի կատարվում: