Այսօր Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությանը, որի համաձայն որոշ ԱԺ պատգամավորներ Գյումրիի դեպքերից հետո դիմել են իր տեղակալին: Փաշինյանը ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանից հետաքրքրվել է՝ ով է եղել այդ տեղակալը և որ պատգամավորն է զանգել:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանը մի քանի օր առաջ, այցելելով Գյումրի, լրագրողներին պատմել էր . «Զանգում են իմ առաջին տեղակալին, զանգում են պատգամավորներ, պաշտոնյա անձինք, որոնք ասում են՝ էդ տղեքին մի տարեք- բերեք, իրենք լավ տղեք են, բանավոր կասեն, բայց չգրեն էլի, մի տեսակ ամոթ ա, էլի: Եվ իմ խոսքն է եղել` հիմա դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական, արա՛, սա է խնդիրը»:
«Երբվանի՞ց է ՀՀ Ոստիկանության պետը պատգամավորների հետ խոսում «արա»-ով: Եթե նա շեշտեր անուն-ազգանունը, դա կլիներ ուրիշ իրավիճակ, սակայն նա «արա»-ով դիմում է կարգավիճակին, այսինքն՝ ԱԺ պատգամավորներին»,- այսօր ասել է Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորը խնդրել է փոխանցել Գասպարյանին, որ եթե նա հաջորդ անգամ խոսի կարգավիճակի մասին այդպիսի տոնով՝ «արա»-ով, ապա ինքը՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, նույնպիսի «արա»-ով պատասխան կտա ոստիկանապետին և ցանկացած մեկին:
Օսիկյանն ասել է, որ իրեն չեն զանգել, ուստի նա չգիտի՝ որ պատգամավոր մասին է խոսքը: Նա նաև կոչ է արել Փաշինյանին կոռեկտության սահմանները պահպանել և հավելել է, որ իրենք դեպքի հետ կապված արդեն պարզաբանում տվել են:
Փաշինյանը, հակադարձելով, հույս է հայտնել, որ կոռեկտության իր կոչը ոստիկանապետի տեղակալը կփոխանցի նրան:
Տեսանյութը Youtube.com կայքում տեղադրել է Nikol Pashinyan օգտատերը