Կիրակի օրը Վրաստանի հարյուրավոր քաղաքացիներ ակցիա են անցկացրել քաղաքի կենտրոնում՝ պահանջելով օրինականացնել մարիխուանան: Ակցիայի կազմակերպիչների և մասնակիցների կարծիքով՝ թմրախոտի օգտագործումը չպետք է համարվի քրեական հանցանք:
Ակցիայի ժամանակ միջադեպեր չեն գրանցվել, փոքր թվով ոստիկաններ պարզապես շրջում էին մասնակիցների շարքերում:
Ակցիան անցկացվել է թբիլիսյան ակցիաների համար սովորական դարձած վայրում՝ Ռուստավելի պողոտայում՝ խորհրդարանի նախկին շենքի դիմաց, որտեղ բոլորովին վերջերս հավաքվել էին հազարավոր հավատացյալներ՝ փորձելով ուժով ցրել հոմոֆոբիայի դեմ պայքարողների ակցիան: Ինչպես նշում է «Էխո Կավկազա» պարբերականը, թմրախոտի պաշտպանների վրա ոչ ոք չէր պատրաստվում հարձակվել, ավելին՝ ակցիայի մասնակիցների մեջ կարելի էր տեսնել ինչպես վերջերս հոմոֆոբիայի դեմ պայքարողներին, այնպես էլ վրացական ավանդույթների կողմնակիցների:
Ակցիայի կազմակերպիչները կարծում են, որ մարիխուանայի հանդեպ սերը միավորում է հասարակության բոլոր շերտերին: Եվ իսկապես, այստես կարելի էր տեսնել ամենատարբեր մարդկանց՝ հյուսած մազերով նույնասեռականներից մինչև գարեջուրը ձեռքներին՝ «թաղի տղերքի», նշում է պարբերականը:
Nucaucasus.com-ը, իր հերթին, հաղորդում է, որ ակցիայի մասնակիցներից շատերը եկել էին կանաչ գույնի հագուստով՝ նման կերպ «իրենց վերաբերմունքը արտահայտելով այդ թեթև թմրանյութի հանդեպ»:
Ակցիայի կազմակերպիչ Դավիթ Սուբելիանիի խոսքով՝ ակցիայի մասնակիցները սխալ են համարում այն, որ Վրաստանում մարիխուանա օգտագործելը քրեական հանցանք է համարվում: «Անձնական օգտագործման նպատակով մի փոքր մարիխուանա ունեցող մարդը կարող է հայտնվել բանտում մինչև 11 տարի ժամանակով»,- հայտարարել է Սուբելիանին:
Նա տեղեկացրել է, որ արդեն ստեղծվել է օրինագծի վրա աշխատող կառավարական խումբ, և ակցիայի կազմակերպիչները կցանկանային մասնակցել օրինագծի մշակման ընթացքին:
Սուբելիանին համարում է, որ մարիխուանայի օգտագործման վերաբերյալ սահմանափակումները պետք է վերանայվեն և համաձայնեցվեն:
Ակցիայի մասնակիցները պահանջել են, որ իրենց հնարավորություն տրվի մասնակցել օրինագծի մշակման ընթացքին և հայտարարել են, որ չեն դադարեցնի ակցիաները մինչև իրենց պահանջները կատարվեն: Ակցիայի ավարտին մասնակիցները թղթե ինքնաթիռներ են բաց թողել երկինք, այնուհետև մաքրել են խորհրդարանի դիմաց տարածքը:
Այս տարվա մայիսի սկզբին Վրաստանի աշխատանքի, առողջապահության և հասարակական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեյենկոն հանտնել էր, որ որոշ դեպքերում արգելքների կիրառումը կարող է հակառակ հետևանքների բերել: Սերգեյենկոյի խոսքով՝ Վրաստանի կառավարությունը ուսումնասիրում է մարիխուանայի հնարավոր օրինականացման հարցը:
«Թմրանյութերի ոլորտում մեխանիկական արգելքների արդյունքում հաճախ գործում է անդրադարձի էֆեկտը, այսինքն՝ այլ ուղղությունների զարգացում և այլն: Սա այն թեմաներից է, ուր հարկավոր է մտածված ռազմավարություն, որի մի մասն է հանդիսանում մարիխուանայի օրինականացումը»,- ասել էր Սերգեյենկոն:
«Սակայն այն, որ այս հարցը հիմա քննարկվում է, չի նշանակում՝ մի հիանալի օր կարթնանանք և մարիխուանան կվաճառվի սումերպարկետներում: Իհարկե, դա այդպես չէ, և քննարկումները պետք է շարունակվեն»,- նշել էր նախարարը:
Ըստ Վրաստանի օրենսդրության՝ անձնական օգտագործման նպատակով թմրանյութի ապօրինի արտադրությունը և պահպանումը պատժվում է տուգանքով, ուղղիչ աշխատանքներով կամ մինչև մեկ տարի ազատազրկմամբ: