Քաղաքացիական ակտիվիստներ Դավիթ Հարությունյանին և Սոնյա Մսրյանին մեկ ժամ ոստիկանության Էրեբունի բաժնում պահելուց հետո բաց են թողել: Ակտիվիստները թռուցիկներ են փակցնում, որոնցում կոչ է արվում տրանսպորտի ուղեվարձի համար չվճարել 150 դրամ:
Հարությունյանը Epress.am-ին պատմել է, որ իրենց 10:00-ի դրությամբ ոստիկանները բերման են ենթարկել բռնի ուժով, առանց ծանուցագրի և իրավական հիմքի: Ոստիկանության բաժնում բերման ենթարկելու փաստը չի գրանցվել, Դավիթ Հարությունյանին խնդրել են բացատրագիր գրել: Վերջինս սկսել է գրել, որ իրենց անօրինական են բերման ենթարկել բաժին, որից հետո, Հարությունյանի խոսքով, ոստիկանները անցել են «ընկերական զրույցի», ապա բացատրագիրը ավարտին չի հասցվել և իրեն բաց են թողել: Հարությունյանը բաժնի պետին բողոքել է մի ոստիկանի պահվածքից, ով մասնակցել է ակտիվիստին բերման ենթարկելուն՝ պահանջելով աշխատանքից ազատել նրան: Բաժնի պետի խոսքով՝ ոստիկանը, որի անունը ակտիվիստները չեն իմացել, իրենց մոտ չի աշխատում:
Epress.am-ի հեր զրույցում ոստիկանության լրատվական բաժնի ներկայացուցիչ Արմեն Մալխասյանն ասել է, որ ակտիվիստներին բերման են ենթարկել՝ ահազանգ ստանալով այն շենքի բնակիչներից, որի պատերին թռուցիկներ են փակցվել:
Հարությունյանն արժանահավատ չի համարել այդ բացատրությունը՝ նշելով, որ ոչ մի բողոք կամ չփակցնելու խնդրանք իրենք չեն ստացել, բացի դա իրենք թռուցիկները փակցրել են սյուների վրա:
Epress.am-ի հետ զրույցում Սոնյա Մսրյանը նշել է, որ իրեն էլ բերման են ենթարկել առանց ծանուցագրի և բաժնում պատճառաբանել են, որ ոչ լրագրողը իրավունք չուներ տեսանյութ անել: Մսրայանին նույնպես մոտ մեկ ժամ պահելով բաց են թողել: