ՀՀ նախագահի նստավայրի մոտ ոստիկանները քաշքշել ու բռնություն են կիրառել ակտիվիստների և լրագրողների նկատմամբ: Այսօր ժամը 13:00-ին Բաղրամյան պողոտայում՝ նախագահականի դիմացի մայթին խաղաղ ակցիա է մեկնարկել, որի մասնակիցները բողոքում են Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու դեմ: Հիշեցնենք, որ այդ մասին Սերժ Սարգսյանը հայտնել էր երեկ Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպման ժամանակ:
Ակցիայի մասնակիցներից մի քանիսը մոտեցել են նախագահական նստավայրի դարպասներին և հանգիստ կանգնել են, սակայն ոստիկանները սկսել են հրել ու քաշքշել նրանց: Ակտիվիստները սկսել են վանկարկել «Պուտինի ստրուկներ», «Ռուսաստան հեռացիր», «Սերժիկ հեռացիր», «ռուսի ստրուկ»:
Նախագահական նստավայրի մայթից ակտիվիստներին հրում էին դեպի փողոց: Ցուցարարները պահանջում էին չհրել իրենց դեպի երթևեկելի մասով անցնող մեքենաները, սակայն ոստիկանները շարունակում էին իրենց գործողությունները: Ակտիվիստներին միացել են դիմացի մայթին կանգնած իրենց ընկերները և որոշել են նստել հենց փողոցում: Ոստիկանները հրելով, ուժ կիրառելով սկսել են բերման ենթարկել ակտիվիստներին:
Ոստիկանության ներկայացուցիչները խոչընդոտել են նաև լրագրողների աշխատանքը՝ կոպտորեն հրելով ու քաշքշելով նրանց, թույլ չտալով, որպեսզի լրագրողները նկարահանեն բերման ենթարկվողներին: Մի քանի լրագրողների, այդ թվում՝ Epress.am-ի թղթակցին, ոստիկանները հրել են գետնին նստած ակտիվիստների վրա: Ոստիկանները օղակի մեջ էին վերցրել լրագրողներին և թույլ չէին տալիս դուրս գալ:
Համաձայն նախնական տեղեկությունների, բերման ենթարկված 11 ակտիվիստների թվում են ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի որդին՝ Արեն Մանուկյանը, Երևանի ավագանու «Ժառանգություն» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը, ակտիվիստներ Սիփան Փաշինյանը և Կարեն Հարությունյանը: