Home / Տեսանյութեր / Քաղաքապետարանի մոտից ակտիվիստների են բերման ենթարկել, շենք չեն թողնում անգամ լրագրողներին

Քաղաքապետարանի մոտից ակտիվիստների են բերման ենթարկել, շենք չեն թողնում անգամ լրագրողներին

Երևանի քաղաքապետարանի մոտից 11:00-ի սահմաններում ոստիկանները բերման են ենթարկել մոտ 10 ակտիվիստների, այդ թվում՝ Գոհար Սարոյանին, Սոնա Մսրյանին, Սուրեն Սահակյանին, Ռուզաննա Գրիգորյանին: Այսօր ժամը 10:15-ից քաղաքապետարանի մոտ հավաքված ակտիվիստները պահանջում էին թույլ տալ իրենց մասնակցել Երևանի ավագանու այսօրվա նիստին, որտեղ պատրաստվում էին բարձրացնել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականի հարցը: Հիշեցնենք, որ այդ պահանջով մեկ և կես ամիս է՝ քաղաքապետարանի մոտ նստացույց են անում Գոռ Առաքելյանը, Սուրեն Սահակյանը և Վահագն Մինասյանը:

Այսօր ակտիվիստները պնդել են, որ Երևանի ավագանու նիստերը դռնբաց են, և իրենք իրավունք ունեն մասնակցել նիստին, սակայն ոստիկանները պատ են շարել՝ թույլ չտալով մոտենալ քաղաքապետարանի շենքի մուտքին: Երբ ակտիվիստներից մի քանիսը փորձել են անցնել ոստիկանների կողքով և մտնել քաղաքապետարան, ոստիկանները սկսել են հրել նրանց, իսկ մի քանիսին բերման են ենթարկել:

Այս պահին քաղաքապետարանի դուռը փակել են և թույլ չեն տալիս ներս մտնել անգամ հավատարմագրված լրագրողներին՝ պատճառաբանելով, թե «ժամը 11-ին էր պետք ներս մտնել»: