Օգոստոսի 6-ին Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ Արսեն Առաքելյանն իր եղբոր տանը դանակի մի քանի հարված է հասցրել կնոջը՝ Լուսինե Դավթյանին, որը ժամեր անց հիվանդանոցում մահացել է: Ողբերգական պատմությունը ներկայացնում է «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խմբի հետաքննող լրագրող Նելլի Բաբայանը:
«5-ամյա Արմանը ժամանակից շուտ մեծացավ. նա, թեև բոլոր մանուկների պես տարատեսակ խաղալիքներով է խաղում, նկարչական իր ալբոմը գունազարդում է վառ գույներով, բայց մտքում մի բան է. Մեծանամ՝ պապային սպանելու եմ: Այս փոքրիկի հայրը սպանել է մորը: Արմանը չի տեսել, թե ինչպես է հայրը դանակահարում մորը, քույրը՝ Սյուզին, հասցրել է այդ պահին ձեռքերով փակել եղբոր աչքերը, բայց երբ մորն արյան մեջ շաղախված հյուրասենյակ են տարել, ու հետո էլ մեծերի խոսակցություններից՝ Արմանը հասկացել է. «Մամային պապան ա խփել»:
16 տարվա ամուսինները բնակվում էին Մուսալեռ գյուղում՝ մի փոքրիկ տնակում, հազվադեպ են հաշտ ու խաղաղ ապրել, ամուսինը եթե անգամ ֆիզիկական բռնություն չի գործել կնոջ նկատմամբ, ապա հոգեբանական ճնշումներն անպակաս են եղել», – գրում է Բաբայանը:
Լուսինեի հայրը՝ Ռուբեն Դավթյանը, լրագրողի հետ զրույցում ասել է, որ տարիների ընթացքում մի 3 անգամ է փեսան աղջկան ծեծել, մինչդեռ Լուսինեի մտերմուհին և հարևանուհին այլ բան են պատմել.
«Լուսինեն պարզապես ծնողներին շատ բան չէր ասում, բայց ինձ հետ կիսվում էր, համարյա ամեն օր Արսենը մի սթից բանի պատճառով խոսում էր Լուսինեի վրա: Ասենք՝ մոռանար աղը սեղանին դնել, կամ դանակ-պատառաքաղը ուշացներ՝ կռիվ էր սարքում: Պատահել է, ձմռան ցրտին գրկի էրեխու հետ տանից դուրս է հանել, իբր՝ պատժում է, Լուսինեին մի ոտի վրա ժամերով անկյուն է կանգնացրել: Ո՞րն ասեմ»:
Լուսինեի հոր ներկայացմամբ էլ փեսան խմող չի եղել, բայց ծանր «խասյաթ» ուներ. չէր թողնում կինը տանից դուրս գար, հարևանների հետ շփվեր, արգելել էր որևէ տեղ կինն աշխատի, միայն պահանջում էր, որ Լուսինեն իր հետ գնա պղինձ, երկաթ ու շիշ հավաքելու: Ընտանիքը յոլա էր գնում նպաստով, ամուսնու վաճառած երկաթի ու շշի եկամուտով, բայց հիմնականում օգնում էին Լուսինեի ծնողները:
Հուլիսի 26-ին հերթական վիճաբանության ժամանակ Լուսինեն որոշել էր վերջ դնել իր տառապանքներին ու ամուսնուն ասել էր:
«Հերիք ա, ես էլ չեմ դիմանում, ամեն օր նույն պատմությունն ա, եթե դու էլի սկսես էդ նույն բաները, ես կբաժանվեմ,- պատմում է Լուսինեի հայրը,- Արսենն էլ սկսել է ծեծել աղջկաս, Լուսինեն իրան տնից դուրս է գցել, փախչել է, էրեխեքն էլ հետևից, բայց Արսենը հետևից գնացել է ու դրսում, հրապարակայնորեն հարևանների աչքի առաջ այնքան է ծեծել, որ աղջկաս ամբողջ մարմինը կապտել էր»:
Հարևաններից մեկը ոստիկանություն է կանչել, Արսենին բաժին էին տարել, բայց շատ կարճ ժամանակ անց՝ բաց թողել: Լուսինեի հոր խոսքով՝ քննիչն է համոզել, որ տուժողը դիմումը հետ վերցնի. «Ասել էր՝ դե ընտանիք է, ամեն ինչ էլ լինում է, համ էլ տուգանք է հասնում 100-500 հազար դրամ, ո՞նց եք վճարելու: Քննիչն ասել էր՝ ես երաշխավորում եմ, որ ինքը քեզ մատով չի կպնի, դու հետ վերցրու դիմումդ: Աղջիկս էլ հետ է վերցնում դիմումը, Արսենին էլ 2 ժամ հետո բաց են թողնում»:
Լուսինեն, սակայն, այլևս չի վերադառնում իրենց 16 տարվա ամուսնության «դոմիկը», այլ երեխաների հետ գնում է ծնողների բնակարան: Արսենը փորձել է կնոջը համոզել հետ վերադառնալ, բայց կինը մերժել է:
Ամուսիններին հաշտեցնելու գործին խառնվում է Արսենի եղբայրը՝ Արտակը, որի հետ Լուսինեն գնացել էր դոմիկից երեխաների հագուստները վերցնելու, հետո Արսենը համոզել էր Լուսինեին ու երեխաների հետ տարել իր տուն:
«Էդ ընթացքում Արտակը զանգել է եղբորը, թե` բա արի մեր տուն, Լուսինեին մեր տուն եմ տանում, բայց աղջիկս դրան ասել էր` մի զանգի, ես իրա հետ բարիշողը չեմ: Արտակը վերջը թաքուն զանգել է: Էդ անասունն էլ դանակը վերցրած գնացել է եղբոր տուն ու զոռով Լուսինեին տարել սենյակներից մեկը` իբր խոսելու, բայց ինչ խոսել, էդ սենյակում էլ 7 անգամ դանակով խփել է», – պատմել է Ռուբեն Դավթյանը:
Մոր սպանությանը ականատես է եղել 15- ամյա Սյուզին, որը հազիվ է լրագրողի հետ խոսել՝ արցունքները կոկորդում խեղդած, ամբողջ մարմնով դողացել է: Աղջնակը, սենյակի ապակեպատ դռնից տեսել է, թե ինչպես է հայրը բռունցքով հարվածում մորը ու հետո դանակով հարվածում. «Գոռացի` պապան մամային սպանում ա, բայց մինչև եկան, մաման արդեն ուշքից գնացել էր, մինչև շտապօգնության գալը, մամային ուրիշ մեքենայով տարան հիվանդանոց, բայց…»:
«Էդ Արսեն կոչեցյալը պիտի անգերեզման մնա, դա անգամ գերեզման ունենալուն արժանի չի, Լուսինեի նման բարի, անկրկնելի, լավ մարդուն կյանքից զրկեց, օր ու արև չէր տալիս: Ես շատ լավ գիտեմ, թե էդ աղջիկն ինչ զրկանքներ ա կրել դրա պատճառով: Շատ ափսոս…որոշել էր բաժանվել ու նոր կյանք սկսեր, աշխատեր, էրեխեքին ապահովեր: Ընկերուհին Մոսկվայից փող էր ուղարկել, որ Լուսինեն փաստաբան վարձի ամուսնալուծության հարցերով զբաղվելու համար, ու խոստացել էր տաներ իր մոտ Մոսկվա ու աշխատանք գտներ: Սպանությունից մի քանի օր առաջ Արսենի բարեկամները Լուսինեին բանկում էին տեսել, անձնագիրն էլ ձեռքին, մտածել էին, որ ուզում ա փախչի: Հետո տեգոր տանը Լուսինեին ասել էին՝ էդ ուզում էիր փախնեի՞ր: Ինձ թվում է դրանք Արսենին ասել էին, որ անձնագրով տեսել են, ու Աստված գիտի, էլ ինչեր են ասել», – պատմել է Լուսինեի մտերմուհին:
Լրագրողի և Լուսինեի հարևանուհու զրույցին միջամտել է նաև նրա դեռահաս տղան, որին Լուսինեի դուստրն ասել էր. «Ես պապայի շորերը դասավորելուց շատ եմ տեսել էդ դանակը, միշտ մոտն էր պահում»:
Գործով զբաղվող հետաքննիչները Լուսինեի հորն ասել են, որ օգոստոսի 11-ին Արսեն Առաքելյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, բայց տուժողի հայրը չի հավատում. «Արսենն ամբողջ օրը դոմիկում է եղել, ես գիտեմ, որ գնացել, էնտեղ են բռնել, բայց թե խի՞ են տենց բան ասում: Բռնելու հաջորդ օրը Արսենի եղբայրն ու ծնողները գնացել էին դոմիկ ու սաղ քրքրել՝ ինչ-որ փաստաթուղթ էին ման գալիս, որ Արսենին գժի թուղթ հանեն, անմեղսունակ ճանաչեն: Ի՞նչ անմեղսունակ, ի՞նչ գժի թուղթ, նրա խելքը լավ էլ տեղն ա եղել, մեկ-մեկ մեր տուն գալիս-գնում էր, եթե գիժ լիներ, նախ՝ մենք կզգայինք, կիմանայինք, Լուսինեն էլ կասեր մեզ, ու էդքան տարի չէր ապրի հետ: Էդ աղջիկը 16 տարի հետը ապրել է, որովհետև ասում էր՝ չեմ ուզում երեխաներս անհեր մեծանան: Գիտեմ, որ Արսենը աղանդավորական հավաքների էր գնում, բայց հետ կանգնեց»:
Ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժանմունքի պետ Սեյրան Մարտիրոսյանն ասել է, որ կնոջը դանակահարած Արսեն Առաքելյանի գործով պետք է մի քանի փորձաքննություններ կատարվեն՝ դատակենսաբանական, հետքաբանական, և քանի որ սպանության գործ է, նաև դատահոգեբուժական:
Ինչ վերաբերում է Լուսինեի հոր այն մտահոգություններին, որ այնպես են «սարքում», իբր Արսենն ինքնակամ է ներկայացել, և նրան փորձում են՝ «անմեղսունակ» ճանաչել, Մարտիրոսյանն ասել է, որ նման բան չկա. նախ ոստիկաններն են բերման ենթարկել Արսեն Առաքելյանին, իսկ անմեղսունակ ճանաչելու հիմք չկա: Ամեն դեպքում, ինչպես վստահեցրել է բաժանմունքի պետը, բոլոր փորձաքննություններից հետո միայն ամեն ինչ պարզ կլինի: Արսենը մեղադրվում է սպանության մեջ, նրան 8-15 տարի ազատազրկում է սպառնում:
Հոր կողմից մորը սպանելուն ականատես լինելուց հետո, 15-ամյա Սյուզին, ինչպես պապն է պատմում, ամեն գիշեր գոռալով վեր է թռնում քնից, անընդհատ վատ երազներ է տեսնում: Սյուզին, երբեք չի ների հորը. Համենայնդեպս, այդպես ասել է Նելլի Բաբայանի հետ զրույցում, իսկ փոքրիկ Արմանն էլ պապին ասել է. «Ես գիտեմ, մամային պապան ա սպանել, մեծանամ՝ ես էլ իրան կսպանեմ»: