Դատապարտյալների ծնողներն արդեն 3-րդ անգամ բողոքի ակցիա են անցկացնում նախագահական նստավայրի մոտ: Նրանցից շատերը հույս չունեն, թե իրենց հարցը կարող է լուծում ստանալ:
Նախագահական նստավայրի մոտ այսօր կրկին բողոքի ակցիա են անցկացրել ՔԿՀ-ներում պատիժ կրող մարդկանց ծնողներն ու հարազատները, ովքեր շարունակում են պահանջել, որ իրենց որդիների նկատմամբ գործի պայմանական վաղաժամկետ ազատման օրենքը:
Դատապարտյալների ծնողների խոսքով՝ իրենց որդիների ազատազրկման ժամկետի երկու երրորդը լրացել է, ու եթե ժամկետի լրանալուց վերջիններս լավ պահվածք են դրսևորում, կարող են դիմել համապատասխան հանձնաժողովին՝ բանտից ազատվելու խնդրանքով, սակայն դիմումների մեծ մասը մերժվել է:
Epress.am-ի թղթակցի հետ զրույցում բողոքողները նշել են, որ բազմաթիվ դիմում-բողոքներ են ուղարկել նախագահականի նամակների բաժին, սակայն որևէ պատասխան չեն ստացել:
«Մնացել ենք տարակուսանքի մեջ: Մեշոկով նամակ ենք ուղարկել, ո՞վ ա մեզ բանի տեղ դնում, ո՞վ ենք մենք սրանց համար», – բողոքել են ակցիայի մասնակիցները:
Ակցիայի ընթացքում ծնողների կարծիքները կիսվել են՝ նրանցից մի քանիսը առաջարկել են վերադառնալ տուն ու կոնկրետ պահանջներով նոր դիմում կազմել և ուղարկել ԱԺ, իսկ հավաքվածների մի մասն էլ առարկել է՝ նշելով, թե հույս չկա և չեն վստահում ոչ մեկի:
«Տղաս 7 տարի դատված է, 5 տարի նստել է, էնքան խրախուսանքներ ունի, դնես սեղանին՝ սեղանը կկոտրվի: Ո՞ւմ դիմենք, ասեք, էս անօրինական երկրում ո՞վ ա մեզ բանի տեղ դնելու», – ասել է կանանցից մեկը:
Ակցիայի վերջում բողոքողներն, այնուամենայնիվ, պայմանավորվել են առավոտյան վերադառնալ ու նոր դիմում-նամակ հանձնել նախագահականի նամակների բաժին:
Նշենք, որ, չնայած, դատապարտյալների ակցիան նախագահական նստավայրի դիմաց էր անցկացվում, այն չէր առաջացրել լրագրողների հետաքրքրությունը, ակցիան լուսաբանողներ չկային: