Հայաստանցի մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ կոռումպացված պաշտոնյաների ցուցակ են պատրաստում՝ նպատակ ունենալով այն հանձնել ԵԽԽՎ զեկուցողներին, երբ վերջիններս Հայաստան գան:
Ցուցակի հետ միասին քաղաքացիները պահանջելու են նշված մարդկանց նկատմամբ որոշակի պատժամիջոցներ կիրառել: Այս նախաձեռնության անդամներից մեկը՝ հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը, Epress.am-ին հայտնել է, որ ցուցակում ընդգրկված են ՀՀ հանցագործ օլիգարխների ու կաշառակերի, ինչպես նաև մարդու իրավունքները խախտող պաշտոնյաների անուններ։
«Մենք պահանջում ենք Հայաստանում մարդու իրավունքների խախտումների մեջ ներգրավված հայ օլիգարխ–պաշտոնյաների երեխաների և բարեկամների նկատմամբ այլ երկրների մուտքի վիզաների արգելք, սառեցնել Հայաստանի կառավարության այն պաշտոնյաների բարեկամների անձնական հաշվեհամարները, որոնք հայ ժողովրդից գողացած գումարները ապահովության համար փոխանցում են Եվրոպայի և Միացյալ Նահանգների տարբեր բանկեր կամ ներդրումներ կատարում արտասահմանում ձեռք բերված սեփականության մեջ։ Մենք դեռ շարունակելու ենք աշխատել այդ ցուցակի վրա և հանցագործ օլիգարխների ու կոռումպացված պաշտոնյաների ցանկը կընդլայնվի, քանի որ այս երկրի հիմնական խնդիրը հանցագործներից ազատագրումն է»,- ասել է Զառա Հովհաննիսյանը:
Նա հավելել է, որ օլիգարխների անուններով ցուցակը կհրապարակեն, երբ այն վերջնական տեսք ստանա:
Լուսանկարը՝ blog.hetq.am