2013 թվականի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1,615 միլիոն, ինչը 18%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, տեղեկացնում է Վրաստանի ՆԳՆ տեղեկատվական-վերլուծական բաժինը:
Ինչպես հայտնում է Georgia Online-ը, ընդհանուր առմամբ տարեսկզբից Վրաստանի պետական սահմանը հատել են շուրջ 4,076 միլիոն այցելուներ, ինչը 25%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Նրանցից 886,5 հազարը Վրաստանում եղել են տարանցումով, 1,615 միլիոնը զբոսաշրջիկներ են եղել, իսկ 1,574 միլիոնը՝ այլ կարգի այցելուներ:
Միայն այս տարվա սեպտեմբերին Վրաստանում եղել են 507,082 հազար այցելուներ, որոնցից մեծամասնությունը (133,5 հազ.)՝ Թուրքիայից: Երկրորդ տեղում են Հայաստանի քաղաքացիները՝ 114,2 հազար, իսկ երրորդ տեղում՝ ադրբեջանցիները (99,6 հազ.): Նրանց հաջորդում են Ռուսաստանի (79,8 հազ.), Եվրամիության (26,8 հազ.), Ուկրաինայի (13,9 հազ.), Իրանի (7,9 հազ.) ու այլ երկրների (31,3 հազ.) քաղաքացիները:
Վրաստանի ՆԳՆ-ն առանձին ներկայացնում է սահմանը «Կազբեգի- Վերին Լարս» անցակետի միջոցով հատած այցելուների վիճակագրությունը: Տարեսկզբից այս ճանապարհից օգտվել է 534,8 հազար մարդ, նրանցից 292,5-ը՝ Ռուսաստանի քաղաքացիներ, 160 հազարը՝ հայաստանցիներ, 34,1 հազարը՝ ադրբեջանցիներ: