Home / Տեսանյութեր / 130 տղա ուսանողի հեռացնում են համալսարանից. նրանք վստահ են՝ պատճառը բանակն է

130 տղա ուսանողի հեռացնում են համալսարանից. նրանք վստահ են՝ պատճառը բանակն է

ԵՊՀ-ի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի  ֆակուլտետի 3-րդ կուրսի մոտ 130 տղա ուսանողներ շփոթության մեջ են հայտնվել՝ տեսնելով ԿԳ նախարարի կողմից հոկտեմբերի 1-ին ընդունված նոր որոշումը, որը, իրենց խոսքով, ցուցանակում փակցվել է հոկտեմբերի 4-ին, մինչդեռ հոկտեմբերի 8-ին իրենք պետք է հանձնեին 3-րդ լուծարումը: Ուսանողները համոզված են՝ որոշման պատճառն այն է, որ իրենց ցանկանում են զրկել պարտքերը հանձնելու հնարավորությունից՝ բանակ զորակոչելու համար:

Համաձայն կայացրած որոշման՝ պարտքերի մարման երկու  շրջաններից հետո անբավարար առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին թույլատրվում է ևս մեկ անգամ հանձնել մեկ ակադեմիական պարտքը՝ անկախ պարտքերի թվից, սակայն թույլտվությունը չի վերաբերում զինվորական ծառայությունից  տարկետման իրավունք ունեցող ուսանողներին, ինչպես նաև նրանց, ովքեր մեկ դասընթացի վերահանձնումից հետո չեն խուսափում «Բուհից հեռացման (ազատման) և վերականգնման  կարգով» նախատեսված հեռացումից: Այս մասին բուհ այցելած Еpress.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել են տղա ուսանողները և խնդրել են չհրապարակել անունները:

«2-րդ տարին ա, որ 3-րդ լիկվիդացիոն շրջանը բացվում ա, ու դա նորմալ երևույթ ա, իսկ այս անգամ 3-րդ լիկվիդացիոն շրջանը բացվելու է նրանց համար, ովքեր բանակի խնդիր չունեն: Պատճառը անհայտ ա, ու ոչ մեկը չի պարզաբանում: Բողոքը կայանում է նրանում, թե ինչու էսպես ստացվեց, փաստորեն ուզում են տղաներին բանակ տանեն», – պատմել է ուսանողներից մեկը:

Որպես ապացույց մեր զրուցակիցները ցույց են տվել նույն ցուցանակում 2006-2007 ուսումնական տարվանից փակցված հրամանը, որի 3.3 կետը իրազեկում է, որ պարտքերի համար նախատեսվում է 3 շրջան, անցկացման ձևը՝ գրավոր կամ բանավոր:

«Եթե չկա այս հրամանը., ապա թող հանեին կամ թարմացնեին: Հիմա որի՞ն հավատանք», – հարցրել են մեր զրուցակիցները:

Խնդրի առաջ կանգնած ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել և բուհի ղեկավարությանը խնդրել թույլ տալ հանձնել 3 վերաքննությունը, սակայն ոչ մի արձագանք չի եղել:

«Մեր խնդիրն էն ա, որ մենք դուրս ենք մնում ու  փորձում ենք մի բան անել: Մեր մեջ տարբերություն են դնում, հրամանից պարզ ա դառնում, որ բանակային խնդիր ունեցողը իրավունք չունի  հանձնել լիկվիդը, ասում են՝ «էն բանակ գնացող ա, էն չէ, մեկի իրավունք են տալիս, մյուսի համար չէ», – բողոքել են խմբված ուսանողները:

Նրանց զարմացրել է այն հանգամանքը, որ մոտ 130 տղա ուսանող փաստացի հեռացվում է և ոչ թե մասնագիտական առարկայի, այլ պատմություն առարկան  չհանձնելու պատճառով:

«Օրենքով ամսի 8-ից հետո պիտի 3-րդ լիկվիդը հաձնեինք: Դեկանատում ոչ մեկը բանից տեղյակ չէ, մտնում ենք, մի հարց ենք տալիս, ուղարկում են ուրիշի մոտ, գնում ենք  էդ մարդու մոտ, ջղայնանում են, թե ինչի դեկանատից չեք ճշտել», – բողոքել են տղաները:

Еpress.am-ի թղթակիցը դիմել է վերոնշյալ ֆակուլտետի դեկանատ ու խնդրել է պարզաբանում տալ, սակայն ֆակուլտետի դեկանի տեղակալ ներկայացած անձը միայն նշել է, որ նախարարի հրամանն է և իրենց բուհից կամ ֆակուլտետից ոչինչ կախված չէ:

«Ովքեր տարկետման իրավունք ունեն, նրանց չի թույլատրվում: Թույլատրվելու է միայն նրանց, ովքեր այդ իրավունքից չեն օգտվում: Ես չեմ կարող մեկնաբանել այդ նոր որոշումը, բայց ուսանողների մի մասը դժգոհ է դրանից. դժգոհությունը առաջին տպավորությամբ է ու  էմոցիաների տակ: Գիտեք, դա, էսպես ասած երրորդ հնարավորություն է, կարող էին 2 լիկվիդից  հետո ավարտել ու վերջ: Սա կարծես ինչ-որ շնորհ է, որ  կարող են որոշ մարդկանց լրացուցիչ թույլատրել, բայց ինչ-որ մարդիկ էլ դուրս են մնում: Նոր կարգով՝ 2-րդ լիկվիդով վերջանում է այդ շրջանը»,-եզրափակել է մեր զրուցակիցը:

Կրթության և գիտության նախարարության բարձրագույն համակարգման վերահսկման բաժնի պետ Սասուն Մելիքյանը Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ որոշումը ընդունվել է, ու այն փոփոխման ենթակա չէ:

«Այն տղաները, ովքեր տարկետման իրավունքով  են, այսինքն՝ ենթակա են  զորակոչման, երրորդ պարտքը հանձնել չեն կարող, իսկ նրանք, ովքեր առանց տարկետման են ընդունվել, կարող են մեկ ակադեմիական պարտք հանձնել: 2 անգամ այդ նույն քննությունը վերահանձնելու իրավունք ունեն և մինչև ավարտական կուրս ևս 2 հնարավորություն ունեն: Կներեք, եթե 5 անգամ որևէ ուսանող չի հանձնում էդ առարկան,  նա արդեն սովորող չի, նա չի սովորում ուղղակի և, ինձ թվում է՝ արդարացի է, որ էդպիսինները դուրս մնան, հետո արդեն գան, վերականգնվեն, միգուցե, սովորեն: Թող էդ ուսանողները գան նախարարությունում դիմում գրեն՝  ինչ են արել և ինչը իրենց չի թույլատրվել, մենք էլ կզբաղվենք», – ասել է Մելիքյանը: