Home / Հայաստան / Ականջ պատվիրող, գիտնական, ԿԳԲ-շնիկի որդի… Ով ով է Ադրբեջանի ընտրություններում

Ականջ պատվիրող, գիտնական, ԿԳԲ-շնիկի որդի… Ով ով է Ադրբեջանի ընտրություններում

Վաղը Ադրբեջանում նախագահական ընտրություններ են: Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, լռության օր է հայտարարվել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկրի ղեկավարի 10 թեկնածուներից մի քանիսին, որոնց մասնակցությունը հնարավարություն է տալիս հասկանալ հարևան երկրում ստեղծված  քաղաքական իրավիճակը:

Հեռանում ենք Ղարաբաղից…

Ջամիլ Հասանլի – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Առաջադրվել է Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի կողմից, այն բանից հետո, երբ ԿԸՀ-ն հրաժարվեց գրանցել խորհրդային, ռուսաստանցի ու ադրբեջանցի սցենարիստ Ռուստամ Իբրագիմբեկովի թեկնածությունը:

Հասանլին ծնվել է 1952 թ. Խորհրդային Ադրբեջանի Աղալիքենդ գյուղում: Թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել խորհրդա-ամերիկյան հարաբերությունների թեմայով, այնուհետև՝ 1992 թ., դոկտորական ատենախոսություն ՝ «Ադրբեջանական Հանրապետությունը միջազգային հարաբերությունների համակարգում (1918-1920 թթ.)» թեմայով:

1993 թ. ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում աշխատել է որպես Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի խորհրդական: 1994-2004 թթ. եղել է Ադրբեջանի նախագահին կից բարձրագույն որակավորման հանձնաժողովի փորձագիտական խորհրդի անդամ (նախագահ՝ Հեյդար Ալիև, 2003-ի հոկտեմբերից՝ Իլհամ Ալիև):

2000 ու 2005 թ-ին պատգամավոր է ընտրվել է, մտել է Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր խմբակցության կազմի մեջ:

Խոսքեր: «20 տարվա ընթացքում, որոնցից 10-ն անցել են ներկայիս նախագահի ղեկավարության ներքո, օկուպացված հողերի անգամ 10 մետրը չի վերադարձվել: Արդյունքում, այսօր մենք Ղարաբաղից այնքան ենք հեռացել, որքան՝ մոտ էինք 10 տարի առաջ: Իշխանությունները ժողովրդին համոզում են, որ մոտ են հակամարտության կարգավորմանը: Դա սուտ է: Ամեն անցնող օր մեզ ավելի է հեռացնում Ղարաբաղից, ու մենք դա պետք է զգանք: Մյուս կողմից, վերջին 10 տարիների ընթացքում ղարաբաղյան հարցը երկրի օրակարգի առաջին հորիզոնականից իջել է մինչև, մոտավորապես, 10-րդը: Անգամ մեր հասարակությունն է ադապտացվել Ղարաբաղում ստատուս քվոյի պահպանման մտքին: Սա սարսափելի է: Այսպիսի խնդիրներ ունեցող երկրի ԶԼՄ-ները ավելի շատ պրոպագանդում են խոհանոցը, քան օկուպացված տարածքների խնդիրը»,- «Ենի Մուսավաթ» թերթի հետ զրույցում ասել է պրոֆեսոր Հասանլին:

Գործող նախագահի մյուս մրցակիցները խիստ քննադատում են ընդդիմադիր Հասանլիին՝ իրենց հերթին արժանանալով իշխանության մեղմ քննադատությանը:

Ականջը կկտրեմ

Հավիզ Հաջիև ծնվել է 1956 թ.՝ Խորհրդային Հայաստանում: Սկանդալային հայտնիություն ձեռք բերեց, մասնավորապես, այն բանից հետո, երբ 10 հազար եվրո պարգև խոստացավ նրան, ով կկտրեր գրող Աքրամ Այլիսլիի ականջը: Այլիսլին գրել է «Քարե երազներ» վեպը՝ նվիրված «իրենցից հետո չսգացած ցավ թողած հայերին»:

Հաջիևն ավարտել է Գյանջայի գյուղատնտեսական ակադեմիան: Տարբեր պաշտոններ է զբաղեցրել կոմսոմոլական կազմակերպություններում: 1982-1993 թթ-ին աշխատել է ձկնաբուծության ոլորտում, գլխավորել է «Ազերռիբա» պետկոնցեռնը: 1993-1999 թթ-ին գտնվել է ազատազրկման մեջ՝ տնտեսական հանցագործություններ իրականացնելու մեղադրանքով, սակայն իրավապաշտպանները նրան քաղբանտարկյալ են ճանաչել:

Նախորդ նախագահական ընտրություններում հավաքել էր ձայների 0,65%-ը (23771 մարդ):

Հաֆիզ Հաջիևը կենսաբանական գիտությունների թեկնածու է: Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Քաղաքագետի եղբայր

Արազ  Ալիզադե – ծնվել է 1951 թ-ին՝ Բաքվում՝ գիտնականների ընտանիքում: Քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի եղբայրն է, որի հետ, ըստ vesti.az-ին տված հարցազրույցի, չի շփվում:

Ավարտել է Արևելագիտության ֆակուլտետը, աշխատել է որպես թարգմանիչ՝ Աֆղանստանում: 1979 թ-ից Խորհրդային Ուկրաինայի Գիտությունների ակադեմիայի կրտսեր գիտաշխատող է:

1985 թ-ին դատապարտվել է իր քաղաքական հայացքների համար: 1986 թ-ին արդարացվելուց հետո՝ աշխատել է շինհրապարակում՝ Կոմսոմոլսկ-նա-Ամուրե քաղաքում, այնուհետև՝ որպես էքսպեդիտոր, բազայի ղեկավար ու բաժնի վարիչ: 1987 թ-ին վերադարձել է Բաքու ու սկսել քաղաքականությամբ զբաղվել: Ղարաբաղյան խնդրի հետ կապված՝ Բաքվում առաջին զանգվածային հավաքների կազմակերպիչներից է: 1989 թ-ից եղել է Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, իսկ 1995 թ-ից մինչ օրս՝ նույն կուսակցության համանախագահ:

1991-1995 թթ-ին եղել է Ադրբեջանի բարձրագույն խորհրդի պատգամավոր:

Պատրաստ եմ շնորհավորել Ալիևին

Օրուջ Զահիդը հեռացվել է «Անա Վեթեն» կուսակցությունից՝ իր թեկնածությունը առանց ակտիվի համաձայնության առաջադրելու համար: Միևնույն ժամանակ, Օրուջն ու նրա նախկին կուսակցությունն աջակցում են Իլհամ Ալիևին՝ հաճախ վիրավորանքներ հասցնելով ընդդիմության ներկայացուցիչներին:

Նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ նա հայտարարել է. «Ադրբեջանը միայն մի անգամ է եղել առանց Հեյդար Ալիևի՝ 1988-1993 թ-ին: Մեր բոլոր խնդիրներն այդ ժամանակ են առաջացել: Հոկտեմբերի 9-ին քվեարկեք Հեյդար Ալիևի քաղաքականության օգտին»: Թեկնածուն նաև ասել է, որ կշնորհավորի Ալիևին, եթե վերջինս հաղթի ընտրություններում:

Որդի, մեծահարուստ և այլն

Իլհամ Ալիև – ծնվել է 1961 թ.՝ Բաքվում՝ Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի գեներալի ընտանիքում: Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտն ավարտելու պահին արդեն նրա հայրը Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարն էր: 1982 թ-ին՝ Անդրոպովի հրավերով, Ալիևների ընտանիքը տեղափոխվեց Մոսկվա: Իլհամ Ալիևը, թեկնածուական ատենախոսություն պաշտպանելով, դասախոսի պաշտոն զբաղեցրեց բուհում:

1983 թ-ին Ալիևն ամուսնացել է Մեհրիբան Փաշաևայի հետ: Նրանք ունեն երկու դուստր՝ Լեյլան (1985) ու Արզուն (1989), ու մի որդի՝ Հեյդարը (1997): Լեյլա Ալիևան 2006 թ-ին ամուսնացել է գործարար ու երգիչ Էմին Աղալարովի հետ: 2008 թ-ի դեկտեմբերի 1-ին ընտանիքում երկվորյակ որդիներ ծնվեցին: Արզուն 2011 թ-ին ամուսնացել է մոսկվացի գործարար Սամեդ Ղուրբանովի հետ:

Իլհամ Ալիևը տիրապետում է ադրբեջաներեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն ու թուրքերեն լեզուներին:

Երբ նրա հայրը արժանացավ ԽՍՀՄ նոր ղեկավար Միխայիլ Գորբաչյովի հակակրանքին, Իլհամ Ալիևը սկսեց զբաղվել մասնավոր բիզնեսով: 1991 թ-ին նա գլխավորեց «Օրիենտ» ընկերությունը, 1992-ին տեղափոխվեց Ստամբուլ ու վերադարձավ միայն այն ժամանակ, երբ Հեյդար Ալիևը դարձավ Ադրբեջանի նախագահ:

1994 թ-ից մինչև 2003 թ-ի օգոստոս եղել է Ադրբեջանի նավթային ընկերության փոխնախագահ, այնուհետև՝ առաջին փոխնախագահ: 1995 թ-ին ընտրվել, իսկ 2000-ին վերընտրվել է որպես Միլի Մեջլիսի պատգամավոր:

2003 թ-ին հեռուստատեսությամբ ընթերցվել է Հեյդար Ալիևի ուղերձը, ով բուժման մեջ էր գտնվում: Ուղերձում նա հայտարարել է, որ հանում է իր թեկնածությունը՝ որդու օգտին: Վերջինս նույն տարվա սկզբին նշանակվել էր վարչապետի պաշտոնում:

Ալիև-կրտսերի՝ նախագահ ընտրվելու հաջորդ օրը հազարավոր մարդիկ կենտրոնական փողոցներով շարժվեցին դեպի Ազադլիգ հրապարակ: Դեպքի վայր ժամանեց ներքին զորքերի գունդը, ու տեղի ունեցան բախումներ, որոնք հանգեցրին մարդկային զոհերի:

Ադրբեջանում 2005 թ-ի հոկտեմբերին հայտարարվեց պետական հեղաշրջման փորձ կանխելու մասին, որի մեղադրանքով ձերբակալվեց 12 մարդ, այդ թվում՝ նախարարներ:

Իշխանության հիմնական հակառակորդների՝ ծնունդով Նախիջևանից ու Հայաստանից կազմված մարդկանց կլանի առաջնորդների ձերբակալությունից հետո, նախագահին անձնական նվիրվածությունն ու նրա հետ մտերմությունն ավելի կարևոր դարձան, քան այս կամ այն տարածաշրջանային կլանին պատկանելը:

2008 թ-ի ընտրությունների ժամանակ հայտարարվեց, որ Ալիևի օգտին էր քվեարկել ընտրողների 88 %-ը: 2009 թ-ին Սահմանադրության մեջ փոփոխությունները հաստատող հանրաքվե անցկացվեց: Այդ փոփոխություններից մեկի համաձայն՝ նույն մարդը կարող է Ադրբեջանի նախագահ ընտրվել ավելի քան երկու անգամ:

Իլհամ Ալիևի՝ նախագահի պաշտոնում գտնվելը բնորոշվում էր տնտեսական աճով, որի հիմքում ընկած էին էներգառեսուրսների արտահանումից ստացված եկամուտները: Ըստ փորձագետների գնահատականների՝ նավթի արտահանումից ստացված եկամուտները եկող 20 տարիներին պետք է կազմեն 350-ից 400 միլիարդ դոլար: Economist Intelligence Unit-ի կողմից պատրաստված՝ Աշխարհի երկրների ժողովրդավարության` 2011 թ-ի ցուցիչով Ադրբեջանը զբաղեցրել էր 140-րդ տեղը՝ որպես ավտորիտար ռեժիմով երկիր:

Ըստ տեղական ու արտասահմանյան ԶԼՄ-ների տվյալների՝ նախագահի մանկահասակ որդին 2011 թ-ին դարձել է Դուբայում 9 շքեղ առանձնատների սեփականատեր, որոնք գնվել են շուրջ 44 միլիոն դոլարով: Ալիևի դուստրերը՝ Լեյլան ու Արզուն, նույնպես անշարժ գույք ունեն Դուբայում: Նրանք նաև ղեկավարում են «Azerfon» բջջային օպերատորը, իսկ նրանցից մեկը Silk Way Bank-ի համասեփականատերն է:

Ալիևների ընտանիքը վերահսկում է «Azenco» շինարարական ընկերությունը, որը պետական բյուջեի կողմից ֆինանսավորվող բազմամիլիոնանոց պայմանագրեր է ստանում: Մասնավորապես, ընկերությունը ստացել էր «Crystal Hall» համերգասրահի շինարարության պատվերը, որտեղ 2012 թ-ին անցկացվել էր «Եվրատեսիլ» մրցույթը: