Home / Տեսանյութեր / Հայաստանն ու Արցախը փրկելու համար Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա. Տեր-Պետրոսյան

Հայաստանն ու Արցախը փրկելու համար Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա. Տեր-Պետրոսյան

Իսկապես ժամանակն է, որպեսզի Սերժ Սարգսյանը խոհեմություն դրսևորի և հրաժարական տա: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ առաջին նախագահ, «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը:

Ilur.am կայքը հրապարակել է Տեր-Պետրոսյանի հոդվածը.

«Ես թեպետ չեմ ճանաչում ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանին, այդուհանդերձ չեմ կարող չհամաձայնել երեկվա նրա հայտարարության այն եզրակացության հետ, որ Հայաստանի և Արցախի ապագայի հանդեպ անկեղծ մտահոգություն ունենալու պարագայում Սերժ Սարգսյանը պետք է խոհեմություն դրսևորի և ինքնակամ հրաժարվի իր պաշտոնից։ Այն, որ վերջինս, բացառությամբ անձնական և կլանային բարգավաճման բնագավառի, այդ պաշտոնում բոլոր մնացյալ առումներով լիովին ձախողվել է, բանական մարդու մոտ, իհարկե, որևէ կասկած չի հարուցում։ Ի տարբերություն հարգարժան պատգամավորի, սակայն, իմ ելակետը ո՛չ թե Սերժ Սարգսյանի անցյալում գործած սխալներն ու հանցանքներն են, այլ այն, թե գոնե սրանից հետո ունա՞կ է նա, արդյոք, որևէ օգտակար գործ կատարելու Հայաստանի և Արցախի համար։ Պատասխանը, որքան էլ ցավալի, միանշանակ «ո՛չ» է։

Որովհետև.

1. Իր անհաշվենկատ, ավելի ճիշտ՝ արկածախնդիր քաղաքական դեգերումների պատճառով Սերժ Սարգսյանը, հետևաբար՝ նաև նրա ղեկավարած երկիրը, թե՛ Արևմուտքում, թե՛ Ռուսաստանում ձեռք է բերել, մեղմ ասած, անվստահելի գործըներոջ համբավ՝ արտաքուստ թեև վերացական թվացող մի հանգամանք, որը, սակայն, իրականում չափազանց կոնկրետ, եթե ոչ աղետալի հետևանքներ կարող է ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղարաբաղի համար։

2. Ակնհայտ է, որ վստահելի գործընկերոջ համբավը վերականգնելու և ազգերի համաշխարհային ընտանիքում արժանի տեղ զբաղեցնելու համար Հայաստանը կարիք ունի համակարգային արմատական բարեփոխումների։ Ակնկալել, որ այդ բարեփոխումներն ի վիճակի է իրականացնել Սերժ Սարգսյանը, հավասարազոր է քաղաքական կուրության։ Այդ անձնավորությունից բարեփոխիչ կերտելու «միամտություն» իրենց կարող էին թույլ տալ միայն «իդեալիստ» եվրոբյուրոկրատները։ Սերժ Սարգսյանն ստեղծել է պետական կառավարման մի այնպիսի իդեալական համակարգ, որը լիովին ծառայում է սեփական բարգավաճման և իշխանության պահպանման նպատակին։ Նա հիմար չէ, որ կտրի այն ճյուղը, որի վրա նստած է։

3. Ամենամեծ ցանկության դեպքում անգամ Սերժ Սարգսյանը չի կարող որևէ դրական քայլ կատարել։ Եւ ընդհանրապես, նա այլևս ճիշտ քայլ չունի։ Շախմատային լեզվով արտահայտված, Սարգսյանը հայտնվել է ցուգցվանգի մեջ, երբ ցանկացած քայլ տանում է դեպի անխուսափելի պարտություն։ Նրա իշխանավարության յուրաքանչյուր օր կորուստ է Հայաստանի և Արցախի համար՝ ընդ որում թե՛ ժողովրդագրական, թե՛ տնտեսական, թե՛ նյութական, թե՛ քաղաքական և թե՛ բարոյա-հոգեբանական առումներով։ Ցուգցվանգի մեջ հայտնված պարկեշտ շախմատիստը պարզապես հանձնվում է, իսկ անպարկեշտը խաղատախտակը տալիս է մրցակցի գլխին։ Սերժ Սարգսյանն, ահա, կանգնած է այսպիսի երկընտրանքի առջև՝ այն է, կա՛մ պիտի արժանապատվորեն հանձնվի, կա՛մ էլ փորձանք բերի հայ ժողովրդի գլխին։

4. Հետևաբար, իսկապես ժամանակն է, որ նա խոհեմություն դրսևորի և հրաժարական տա՝ ժողովրդին հնարավորություն ընձեռելով հիրավի ազատ կամարտահայտության միջոցով ընտրելու հանրապետության մի այնպիսի նախագահ, որն ի վիճակի լինի միջազգային հանրության աչքում վերականգնելու Հայաստանի՝ որպես վստահելի ու պատասխանատու գործընկերոջ վարկը, առանց որի անհնար է դիմագրավել երկրի առջև ծառացած անթիվ մարտահրավերները։ Հայաստանի ու Արցախի փրկության այլ ճանապարհ գոյություն չունի։

5. Քաղաքական այն ուժերը, հասարակական կազմակերպությունները, այսպես կոչված՝ «անկախ» վերլուծաբանները, մամուլի միջոցները և մտավորականության ներկայացուցիչները, ովքեր չեն հասկանում այս ակնհայտ իրողությունը, առավելևս՝ հասկանալով հանդերձ, խոսքով ու գործով նպաստում են Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկարաձգմանը, կամա թե ակամա դառնում են Հայաստանի և Արցախի ապագան վտանգի տակ դնողի հանցակիցը։

6. Սերժ Սարգսյանի կամավոր հրաժարականն ամենևին քաղաքական վենդետա չի ենթադրում։ Ավելին, կարծում եմ, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, դա պետք է տեղի ունենա Ազգային ժողովի կողմից նրան անձի և գույքի լիակատար անձեռնմխելիությամբ օժտելու պայմանով։

7. Անձնական շահադիտության մեջ չմեղադրվելու նկատառումով հարկ եմ համարում հայտարարել, որ նախագահական ընտրություններում ես առաջադրվելու մտադրություն չունեմ։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ եթե ոչ այլ, ապա թեկուզ միայն Սերժ Սարգսյանին մարտիմեկյան սպանդի միջոցով իշխանության բերելու պատճառով բացառելի է նաև Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը։

8. Ժամանակ չի մնացել։ Եթե Սերժ Սարգսյանը, ինչպես ասվեց, ընկել է ցուգցվանգի մեջ, ապա հայ ժողովուրդը հայտնվել է ցայտնոտի վիճակում»։