Home / Տեսանյութեր / Հայերն անտեսել են Ցեղասպանության հետ կապված կարևոր խնդիր. մահմեդականացված հայերի մասին

Հայերն անտեսել են Ցեղասպանության հետ կապված կարևոր խնդիր. մահմեդականացված հայերի մասին

Թուրքիայում հայերի մահմեդականացումը Թուրքիայի հայ համայնքն ուծացնելու և թրքացնելու երկարատև ու համակարգված քաղաքական ռազմավարության արդյունքն է: Այս մասին Ստամբուլում կայացած Մահմեդականացված հայերի խնդիրներին վերաբերող համաժողովի ընթացքում հայտարարել է թուրք պատմաբան և սոցիոլոգ Թաներ Աքչամը: Today's Zaman-ի փոխանցմամբ, Աքչամն ասել է, որ այդ մասին վկայություններ կարելի է գտնել Օսմանյան կայսրության պաշտոնական փաստաթղթերում:

Նշենք, որ համաժողովն անցկացնում է «Հրանտ Դինք» հիմնադրամը:

Աքչամն ասել է, որ հայ գիտնականները երկար ժամանակ խնդիրը ուսումնասիրել են՝ զուգահեռներ անցկացնելով Հայող ցեղասպանության ու Հոլոքոսթի միջև՝ այսպիսով անտեսելով ուծացման շատ կարևոր խնդիրն ու իրադարձություններն ընկալելով միայն Օսմանյան կայսրության կողմից սպանված ու աքսորված հայերի թվի տեսանկյունից:

«Հետևաբար, նրանք անտեսել են Ցեղասպանության որոշ հատվածներ, որոնք չէին տեղավորվում Հոլոքոսթի շրջանակներում՝ ինչպես, օրինակ, բռնի մահմեդականացումը, հայ երեխաներին բռնի կերպով մանկատներում տեղավորելն ու հայերին երկրի որոշակի շրջաններում տեղաբաշխելը»,- ասել է Աքչամը:

Նա նաև հավելել է, որ հայերին ուծացնելու Թուրքիայի քաղաքականությունը երկար ժամանակ համակարգված չէր, քանի որ քրիստոնեության փոխարեն մահմեդականություն ընդունած հայերն անգամ ժամանակակից Թուրքիայից տեղափոխվում էին կասրության այլ շրջաններ:

«Այնուամենայնիվ, հայերի օտարացումը ցեղասպանության հենց սկզբից դրա անբաժանելի մասն է եղել»,- ընդգծել է պատմաբանը:

Կրոնափոխ եղածները հայ հասարակության մեջ, ընդհանուր առմամբ, հայ չեն համարվում: Այս մասին իր ելույթում խոսել է Երևանից ժամանած հայ գիտնական Սերգեյ Վարդանյանը:

Ասելով, որ հայերի պատմությունը «հետապնդումների պատմություն» է եղել՝ Վարդանյանը խոսել է Համշենի մահմեդականացված հայերի մասին: Նրա խոսքով՝ համշենահայերը բռնի կերպով են կրոնափոխ եղել ու մահմեդականություն ընդունել, ու դա արել են, «որպեսզի կենդանի մնան»:

«Նրանք, սակայն, երբեք չեն մոռացել, որ հայ են, ու երբեք չեն ձուլվել մահմեդական այլ խմբերին»,- ասել է Վարդանյանը:

Համաժողովի բացման արարողության ժամանակ Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը, խոսել է համաժողովի նպատակի մասին. «Մենք պատրաստվում ենք բացել պատմության այն էջերը, որոնք մինչ օրս չեն քննարկվել ու լսել այն հանելուկները, որոնց մասին մինչ այժմ չի խոսվել»:

«Մենք երբեք չենք խոսում այն մասին, թե նրանց ինչ է պատահել ու ինչպես է դա տեղի ունեցել: Մեր խիղճը միայն ի վիճակի էր հերքել ցեղասպանությունը»,- իր ելույթում ասել է Դինքը՝ հավելելով, որ փաստերը չպետք է գաղտնի պահվեն:

Դինքի այրին ընդգծել է, որ իր ամուսինը մեծ ուշադրություն էր դարձնում մահմեդականացված հայերի խնդրին՝ ասելով. «Հրանտը ցանկանում էր, որ այս խնդիրը քննարկվեր՝ ոչ միայն մահացածների, այլև նրանց համար, ովքեր կենդանի են»: