Շանթ Հարությունյանի նկատմամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից բռնություն կիրառելու մասին հայտարարությունն արդեն իսկ հաղորդում է հանցագործության մասին և հետևաբար հիմք՝ Հատուկ քննչական ծառայությունում քննություն սկսելու համար: Այս մասին ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Գասպարյանն իր նկատմամբ բռնություն է գործադրել ոստիկանական բաժանմունքում:
Սաքունցն անդրադարձել է Վլադիմիր Գասպարյանի կողմից այդ հայտարարության հերքմանը՝ նկատելով, որ ոստկանապետի հերքումը բավարար չէ, քանի որ նա քննչական մարմին չէ:
«Այն պնդումը, թե ոստիկանապետը չէր կարող մարդու նկատմամբ բռնություն գործադրել, սուտ է, քանի որ առնվազն մեկ անգամ արդեն արել է՝ Վարդգես Գասպարի ակցիայի իրականացումը խոչընդոտելով, նրան սպառնալով, հայհոյելով», – ասել է Արթուր Սաքունցը:
Սաքունցն ընդգծել է, որ Շանթ Հարությունյանը և նրա աջակիցներն ընդամենը օգտվել են իրենց՝ ապստամբելու իրավունքից:
«Այն, ինչ ոստիկանությունն արեց նոմեբերի 5-ին, կոչվում է ոստիկանական բեսպրեդել (ամենաթողություն): Բերման են ենթարկվել մարդիկ, ովքեր հայտնվել էին Ազատության հրապարակում: Ոստիկանությունն ընտրողական մոտեցմամբ է քաղաքացիներին ոստիկանության բաժին տարել: Ակնհայտ անհամաչափ ուժ է գործադրել երթի մասնակիցների հանդեպ: Օգտագործել է իր ավանդական սադրիչների խումբը: Այս ամենը թույլ է տալիս ասել, որ դիմել է հրապարակային պատժիչ գործողությունների»,- ասել է իրավապաշտպանը: