Home / Հայաստան / Շոտլանդական ռոք-խումբը ամուսնու կողմից սպանված հայ կնոջ հիշատակին երգ է հեղինակել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շոտլանդական ռոք-խումբը ամուսնու կողմից սպանված հայ կնոջ հիշատակին երգ է հեղինակել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայ-շոտլանդական «Ան գորդոնախ» ռոք խումբը երգ և տեսահոլովակ է ստեղծել, որը նվիրված է 2010 թվականի հոկտեմբերի 1-ին ամուսնու և սկեսրոջ կողմից ծեծի ենթարկված և դրա հետևանքով մահացած Զարուհի Պետրոսյանին:

Երաժիշտները, այսպիսով, կոչ են անում դադարեցնել Հայաստանում կանանց հանդեպ բռնությունը: Երգը գրվել է իրանցի երաժիշտ Ասադուկի հետ համատեղ և կոչվում է «Զարուհի»: Երգի տեքստը Զարուհու մենախոսությունն է, մտքեր այն մասին, որ ամուսինն իրեն անպետք առարկայի պես է վերաբերվում, որ հասարակությունը բնական է համարում նման հարաբերությունները: Զարուհին իր մենախոսության մեջ նաև պատգամում է մարդկանց չթողնել, որպեսզի նման ճակատագրի արժանան այլ կանայք:

Երգի տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Ռաֆֆի Ղազարյանը: Այն ավարտում է հետևյալ տեքստով. «2013 թվականի հունվարին, չնայած միջազգային պարտավորություն ունենալուն, Հայաստանի կառավարությունը չի վավերացրել  ընտանեկան բռնությունը քրեականացնելու մասին օրինագիծը, ինչը նշանակում է, որ ոստիկանույթունը և դատարանը շարունակում են համարել, որ կանանց դեմ բռնության խնդիր Հայաստանում չկա: Զարուհու մահը միակ դեպքը չէ. ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 4 կանանցից մեկը Հայաստանում բռնության են ենթարկվում, սակայն լռում են՝ վախենալով հանրայնացումից»:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն ռոք-խումբը Մարտի 1-ի մասին երգ էր հեղինակել: