Գործարար Լյովա Սաֆարյանը խաբել է ազգությամբ եզդի 21 անասնապահների՝ ներկայանալով որպես ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գործընկեր: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է եզդի անասնապահներից մեկը՝ Ռոստամ Իբոյանը:
Նա նշել է, որ երկու տարի առաջ իրենից և ևս 20 եզդիներից Սաֆարյանը պարտքով կաթ է գնել, ասել է, թե Հովիկ Աբրահամյանի գործընկերն է ու չի խաբի, սակայն մինչ օրս իրենց հասանելիքը չի վճարել: Անձամբ Իբոյանին Սաֆարյանը 200 հազար դրամ է պարտք:
Մեր զրուցակիցը պատմել է, որ իրենք սեփական ուժերով փորձել են հետ ստանալ գումարը, սակայն վերջին հեռախոսազանգին Սաֆարյանը պատասխանել է հայհոյանքներով, և խաբվածները որոշել են դիմել «Սինջար» եզդիների ազգային միավորմանը:
Միավորման անդամ Բորիս Թամոյանը դիմել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանին: Ինչպես Epress.am-ին փոխանցել է Թամոյանը՝ Պողոսյանն ասել է, որ նշված անձը որևէ կապ չունի Հովիկ Աբրահամյանի հետ և որ նա ստել է՝ ներկայանալով որպես ԱԺ նախագահի գործընկեր: Ըստ Թամոյանի՝ Ազգային ժողով դիմելուց ի վեր, Սաֆարյանն ամեն կերպ հերքում է, թե եզդիներին ներկայացել է որպես Հովիկ Աբրահամյանի գործընկեր:
«Մենք, իհարկե, ոչ մի փաստաթուղթ չունենք, ոչ մի բան չենք ստորագրել, բայց դա չի նշանակում, որ չենք պայքարելու: 20 հոգի է խաբվել, տարբեր գյուղերից՝ Մրգաշատ, Նորաշեն, Դեղձուտ, Վերին Արտաշատ, ամեն գյուղում էլ վկաներ կան: Մենք ակցիաներ, բողոքներ ենք կազմակերպելու, դիմելու ենք դատարան: Տուժողներից մեկին նա անգամ ասել է՝ եթե դժգոհ եք՝ մեր երկրում մի ապրեք»,- ասել է Ռոստամ Իբոյանը:
Epress.am-ին չի հաջողվել կապ հաստատել Լյովա Սաֆարյանի հետ։ Նա հեռախոսազանգերին չի պատասխանել։
Լուսանկարը՝ en.wikipedia.org