Գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ավիաընկերության կուտակած պարտքը, ըստ ամենայնի, կվճարվի ՀՀ պետական բյուջեից, այսինքն՝ ՀՀ քաղաքացիների գրպանից, գրում է «168 ժամ» պարբերականը:
Թերթի տեղեկություններով՝ «Արմավիան» տարբեր երկրների օդանավակայաններին, աերոնավիգացիոն ծառայություններին պարտք է մոտ 120 մլն դոլար, որը կուտակվել է ավիաընկերության գործունեության վերջին 4-5 տարում։
«Արմավիային» թռիչքներ իրականացնելու թույլտվություն հատկացրել է ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, ոլորտը մենաշնորհային էր, և ՔԱԳՎ-ն կիսում է պարտքերի համար պատասխանատվությունը։ Նման դեպքերում պարտատերերը դիմում են գլխադասային մարմնին (թռիչքների թույլտվություն տրամադրողին), իսկ խնդրի չկարգավորման դեպքում պարտավորություններն անցնում են պետությանը։ Երբ պետությունը լիցենզիա է տրամադրում որևէ ընկերության, պետք է տեղյակ լինի` այն հնարավորություն ունի՞ թռիչքներ իրականացնելու, թե՞ ոչ:
Տեղեկությունը ճշտելու նպատակով թերթի թղթակիցը նոյեմբերի 22-ին դիմել էր ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն՝ հետևյալ հարցադրումներով. «Այլ պետությունների ո՞ր օդանավակայաններն ու նավիգացիոն ծառայություններն են հայտեր ներկայացրել «Արմավիա» ավիաընկերության ունեցած պարտքերի մարման համար, ընդհանուր պարտքը որքա՞ն է կազմում։ Կա՞ն արդյոք դատական հայցեր։ Արդյոք «Արմավիան» վճարելու է այդ պարտքերը, եթե ոչ, ապա ո՞վ` ո՞ր կառույցն է ստանծնելու այդ պարտավորությունը»։
«168 ժամ»-ը նշում է, որ կառավարությունը գերադասել է լռել՝ մինչ օրս պատասխան չկա։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում