Home / Հայաստան / Սիրիահայերը Սփյուռքի նախարարությունից նպաստների բաշխման հետ կապված թափանցիկություն են ակնկալում

Սիրիահայերը Սփյուռքի նախարարությունից նպաստների բաշխման հետ կապված թափանցիկություն են ակնկալում

Հայաստանում բնակվող սիրիահայերը ցանկանում են, որպեսզի իրենց տրամադրվող նպաստների բաշխումը թափանցիկ լինի։ Այսօր նրանք իրենց մտահոգող հարցերը քննարկելու են Սփյուռքի նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է սիրիահայ Ռոբերտ Սուլահյանը։

«Շատերն ասում են՝ «այս նպաստն ո՞ւր գնաց, ո՞վ գրպանեց, ի՞նչ եղավ, ինձի չհասավ», ու շատ հարցեր կան, որոնք պետք է թափանցիկ լինեն, ուստի հաշվարկները պետք է ներկայացվեն հանրությանը։ Մեր պահանջն այն է, որ հստակեցվի այս խնդիրը», – նշել է Սուլահյանը։

Վերջինիս խոսքով՝ հանդիպման պատճառ են հանդիսացել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում սկսված քննարկումները, որոնցում նպաստների բաշխման հետ կապված լուրջ դժգոհություններ հայտնողներ են եղել։

«Պատասխանները ակնկալում ենք այսօր ստանալ։ Հայաստանում բաշխումն իրականացվում է Սփյուռքի նախարարության հովանավորությամբ, իսկ Սիրիայում՝ կազմված մասնավոր շտաբ-մարմնի։ Մեր ասածն այն է, որ նախարարությունը պետք է փաստերով ներկայացնի ու ապահովի բաշխման թափանցիկությունը։ Այսօրվա հանդիպումը առաջինն է լինելու, ուստի կարծում ենք, որ դժգոհողները կգան և տեղում կհայտնեն իրենց բողոքները», – ասել է հանդիպման մասնակից Վազգեն Բերղությանը։

Նրա խոսքով՝ խոսակցություններ կան, որ բացի Սփյուռքի նախարարությունից սիրիահայերին գումարային օգնութուն պետք է տրամադրեր «Հայաստան» համահայկական հիմնադրամը։

«Ասվում էր, որ 2013 թվականի հեռուստամարաթոնին հավաքած 22 մլն 661 հազար դոլարի 10 տոկոսը սիրիահայերինն է, ինչից «Ֆեյսբուքում» շատ քննարկումներ եղան, թե ուր գնացին այդ փողերը։ Հույս ունենք, որ այսօրվա հավաքին նույնպես կասվի այդ մասին։ 2 միլիոնը քիչ գումար չէ, ու մենք այս հարցի շուրջ ևս պարզաբանումներ կպահանջենք», – եզրափակել է Բերղությանը։