Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան ու չեն կարող լինել, քանի որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրում, որպես այդպիսին, քաղաքական գերիներ լինել չեն կարող։ Հունվարի 15-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ, նման կարծիք է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Քաղբանտարկյալների մասին հարցն Ալիևին ուղղել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը․
– Պարոն նախագահ, Բրյուսել կատարած Ձեր վերջին այցի ժամանակ Դուք հայտարարել էիք, որ Ադրբեջանում Ձեր քաղաքական հակառակորդներից որևէ մեկը չի գտնվում կալանքի տակ։ Ակտիվիստներ Իլղար Մամեդովն ու Անար Մամեդլին, սակայն, մինչ այժմ գտնվում են անազատության մեջ։ Ադրբեջանում դեռ քաղբանտարկյալներ չկա՞ն։
– Այո, ես հաստատում եմ, որ Ադրբեջանում, նախկինի պես, քաղբանտարկյալներ չկան, ու դա հաստատվել է ԵԽԽՎ 2012 թվականի հունվարյան նստաշրջանի ժամանակ, երբ ձախողվեց մի քանի ուժերի կողմից նախապատրաստված որոշման նախագիծը։ Ժողովի անդամների բացարձակ մեծամասնությունն այդ որոշմանը դեմ հանդես եկավ։ Իսկ դա նշանակում է, որ իմ այն կարծիքի հետ, որ Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան, համաձայն է Եվրոպայի ու աշխարհի ամենաազդեցիկ ինստիտուտներից մեկը՝ ԵԽԽՎ-ն։
Մենք ավելի քան տասը տարի է՝ Եվրոպայի խորհրդի անդամ ենք, ներկայացված ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ու դա նշանակում է, որ ապրիորի Ադրբեջանում քաղբանտարկյալներ լինել չեն կարող։ Եթե ինչ-որ մեկն անարդար վերաբերմունքի է արժանացել, նա կարող է դիմել Եվրադատարան․ մենք միշտ կատարում ենք Եվրադատարանի որոշումները։
Կցանկանայի նաև նշել, որ «քաղբանտարկյալ» տերմինը կոնկրետ սահմանում չունի։ Մենք կարծում ենք, որ լավ կլիներ, եթե Եվրախորհրդարանն ու Եվրոպայի խորհուրդը սահմանեին «քաղբանտարկյալ» տերմինի չափանիշները։ Այդ ժամանակ ավելի հեշտ կլիներ հասկանալ՝ ով է քաղբանտարկյալ, ով՝ ոչ։
Ձեր հարցի լավագույն պատասխանը ԵԽԽՎ-ի՝ 2013 թվականի հունվարին ընդունած որոշումն է,- եզրափակել է Ադրբեջանի նախագահը։