Home / Հայաստան / Ավելի լավ կյանքի հետևից Հայաստան եկած ադրբեջանցի ընտանիքի մասին

Ավելի լավ կյանքի հետևից Հայաստան եկած ադրբեջանցի ընտանիքի մասին

Ադրբեջանական APA գործակալությունը Ադրբեջանի քաղաքացի Ջավիդ Օրուջևի և նրա ընտանիքի՝ Հայաստանի սահմանը հատելու վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել։ Լրագրողի հետ զրույցում 38-ամյա Ջավիդի մասին պատմել է նրա մայրը՝ Միրվարի Օրուջևան, ով զբաղեցնում է Բաքվի №11 գիշերօթիկ դպրոցի փոխտնօրենի պաշտոնը։

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության համաձայն՝ Բաքվի բնակիչ Ջավիդ Օրուջևը հունվարի 28-ին դիմել է հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ՝ խնդրելով իրեն, կնոջն ու երեք մանկահասակ երեխաներին քաղաքական ապաստան տրամադրել։ Ինչպես հայտնել էր Հայաստանի ԱԱԾ-ն՝ հայկական արմատներով կնոջ` Բաքվի բնակիչ, 31-ամյա Ռոյա Միրզոևայի հետ ամուսնանալուց հետո Օրուջևը ստիպված է եղել համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ։ Ներկայումս ընտանիքի հարցով զբաղվում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն ու Հայաստանի միգրացիոն ծառայությունը։

Օրուջևի մայրը պատմել է, որ Ջավիդը լարված հարաբերություններ ունի եղբոր հետ, որն աշխատում է որպես տեխնիկ Ադրբեջանի Հանրային հեռուստատեսությունում։ Օրուջևի հայրը ծնվել է Շուշիում՝ 1945 թվականին, աշխատել է որպես ուսուցիչ միջնակարգ դպրոցներում ու մահացել 2008 թվականին։

Մոր խոսքով՝ Ջավիդը ցանկանում է հրաժարվել Ադրբեջանի քաղաքացիությունից ու Հայաստանի միջոցով երրորդ երկիր մեկնել ու այնտեղ քաղաքական ապաստան խնդրել։

Ջավիդն առաջին անգամ ամուսնացել է 2008 թվականին, սակայն մոտ մեկ տարի անց ամուսինները բաժանվեցին, քանի որ պարզվեց, որ կինն արդեն ամուսնացած էր։

«2009 թվականին Ջավիդը ինտերնետով ծանոթացավ Ռոյա Միրզոևայի հետ ու նրա հետ ընտանիք կազմեց։ Նրանք երեք երեխա ունեցան։ Միրզոևան նախկինում նույնպես ամուսնացած է եղել ու վերցրել է ամուսնու ազգանունը»,- պատմել է Ջավիդի մայրը։

Նրա խոսքով՝ Միրզոևայի հայրը ծագումով Շուշիից երգահան Ռաուֆ Ալիևն է, իսկ մայրը՝ Ալիևա Ալիա Դավուդովնան։ Ջավիդի զոքանչի հանգուցյալ հայրը՝ Դավուդ Միրզոյանը, արմատներով Ղարաբաղից էր, ազգությամբ՝ հայ, իսկ մայրը՝ լեհաստանցի հրեա։

Մայրը պատմել է, որ Ջավիդը նախկինում երեք տարի աշխատել է մասնավոր անվտանգության ծառայությունում, որից հետո որևէ տեղ չի աշխատել ու միշտ երազել է ապրել արտասահմանում։ 2001-2003 թթ-ին նա ապրել է Ռուսաստանում, այնուհետև՝ վերադարձել․ «2010 թվականին կնոջ ու մի երեխայի հետ կրկին մեկնեց Ռուսաստան, իսկ այնտեղից՝ Նորվեգիա։ 2013 թվականի սեպտեմբերին, սակայն, կրկին վերադարձավ Ադրբեջան։ Նորվեգիայի կառավարությունը նրանց մշտական բնակության իրավունք չտվեց։ Նա ասում էր, որ գործազրկության նպաստ էր ստանում։ Նորվեգիայում ևս երկու երեխա ունեցան։ Երեխաներին անվանել է իր փաստաբանի պատվին՝ Նորման Բրոյն ու Սամուել Բրոյն»։

«Նորվեգիայից վերադառնալուց հետո Ջավիդը մշտական բնակության իրավունք ստանալու համար բազմիցս դիմել է Ադրբեջանում Գերմանիայի ու Իսրայելի դեսպանություններ, սակայն համաձայնություն այդպես էլ չի ստացել»,- Օրուջևի մոր խոսքերն է փոխանցում APA-ն։

Միրվարի Օրուջաևան ենթադրում է, որ Հայաստանի միջոցով երրորդ երկրում բնակության իրավունք ստանալու միտքը որդուն տվել են կամ դեսպանություններում, կամ Նորվեգիայի ծանոթները, որոնք իմացել են կնոջ հայկական արմատների մասին։