ՀԱԿ-ի ակտիվիստների գործը կարելի է առանց ներպետական միջոցները սպառելու տանել Մարդու եվրոպական դատարան։ Epress.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել իրավաբան Արա Ղազարյանը՝ անդրադառնալով երեկ՝ Մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկման ժամանակ, լրագրողներին ու ակտիվիստներին ոստիկանության բաժին տեղափոխելու դեպքին։
Ըստ Ղազարյանի՝ հարցը ոչ միայն իրավունքի ակնհայտ խախտումների մեջ է, օրինակ՝ հավաքների իրավունքի խախտում, բռնության ակնհայտ կիրառում, այլ այն, որ հենց ՀԱԿ-ի ակտիվիստների դեպքում են հաճախ նման խախտումներ արձանագրվում։
«Այստեղ կարևորը կոնտեքստը ներկայացնելն է։ ՀԱԿ ակտիվիստների հետ սա առաջին դեպքը չէ, և փորձը ցույց է տվել, որ Հայաստանում իրավական պաշտպանության մեխանիզմը չի աշխատել»,- ասել է Ղազարյանը։
Իրավաբանի խոսքով՝ ՄԻԵԴ-ը կարող է հայցն առանց ներպետական ատյանները սպառելու ընդունել նաև այն պատճառով, որ ինչպես միջազգային կազմակերպությունները, այնպես էլ Եվրախորհդրի տարբեր մարմինները վերջին կես տարվա ընթացքում պարբերաբար բարձրաձայնել են, որ Հայաստանում հավաքների ազատության, իրազեկում կատարելու իրավունքը պարբերաբար խախտվում է։
«Նշանակում է, խնդիրը ակնհայտ է նաև դրսում։ Այդ խախտումների առավել վառ դրսևորումներն են․ առաջին՝ այսպես կոչված վարչական բերումը, երկրորդ՝ բացահայտորեն կատարվող տեսանկարահանումները, որոնք թեև ներկայացվում է, թե արվում են վարչաիրավական նպատակներով, իրականում արվում են քրեական և նույնիսկ քաղաքական հետապնդման նպատակներով, սակայն քողարկվում են վարչաիրավական ընթացակարգերով»,- ասել է Ղազարյանը։
ՄԻԵԴ-ում բազում գործեր ներկայացրած փաստաբանը նշել է, որ Հայաստանի քաղաքացիների կողմից ՄԻԵԴ ներկայացված դիմումների պրակտիկայում արդեն գրանցվել են դեպքեր, երբ ՄԻԵԴ-ը գործը վարույթ ընդունել է՝ առանց ներպետական ատյանները սպառելու։ Օրինակ, «Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» և «Մխիթարյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործերով կողմերը վիճարկում էին իրենց նկատմամբ կալանք կիրառելու պայմանները։ ՄԻԵԴ-ը ոչ միայն հայցը ընդունել է վարույթ, այլև բավարարել այն՝ համարելով, որ Հայաստանը խախտել է Մարդու իրավունքների կոնվենցիայի երրորդ հոդվածը։
Տեսանյութը՝ Սարգիս Գևորգյանի