Home / Հայաստան / Հայաստանյան ընտրություններ․ 7 համայնքներում գյուղապետի 1-ական թեկնածու է մնացել

Հայաստանյան ընտրություններ․ 7 համայնքներում գյուղապետի 1-ական թեկնածու է մնացել

Մարտի 9-ին Հայաստանի 40 գյուղերում համայնքի ղեկավար են ընտրելու։ Դրանցից յոթում այսօր արդեն մնացել է մեկ թեկնածու, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Թեկնածուների գրանցման փուլը նոր է ավարտվել, և ինքնաբացարկներ կարող են լինել մինչև փետրվարի 27-ը ներառյալ։

Թերթն ընդգծում է, որ բոլոր այդ 7 համայնքներում գրանցվել է երկու թեկնածու, որովհետև, ըստ Ընտրական օրենսգրքի, մեկ թեկնածուի գրանցման դեպքում ընտրությունները չէին կայանա, բայց թեկնածուներից մեկը ինքնաբացարկ է հայտնել գրանցումից շատ չանցած։

Միայնակ մնացածները գործող գյուղապետեր են Արագածոտնի Վարդաբլուրի գյուղապետ, հանրապետական Արտավազդ Գալստյանը, Արարատի Եղեգնավանի գյուղապետ Հովսեփ Ղազարյանը (առաջադրված ՀՀԿ-ի կողմից), ով 1996 թվականից այս պաշտոնին է, Արարատի Հայանիստում՝ Բալաբեկ Սարկիսյանը ( պաշտոնավարում է 2010 թվականից)։ Լոռու մարզի Ձորամուտում ՝ կրկին ՀՀԿ-ական Արարատ Փնջոյանը (պաշտոնավարում է 2010-ից)։

Նովոսելցովոյում ՀՀԿ-ական գյուղապետ Ռուբեն Դավոյանն է, ով արդեն 17-րդ տարի է, գյուղապետ է։ Կոտայքի մարզի Հացավանի գյուղապետ, ԲՀԿ-ական Շավարշ Սարգսյանը իր պաշտոնին է 2003 թվականից։ Տավուշի մարզի Խաչարձանում ՀՀԿ-ական Գագիկ Շահնազարյանը նույնպես 2003 թվականից գյուղապետ է։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում