Home / Հայաստան / Գոմեշի մսի գործով մեղադրյալը վնասը փոխհատուցելու համար 180 հազար դոլար է ծախսել

Գոմեշի մսի գործով մեղադրյալը վնասը փոխհատուցելու համար 180 հազար դոլար է ծախսել

Բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարած Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանը փոխհատուցել է Պաշտպանության բանակին հասցրած վնասը՝ կառուցելով 150 տոննա տարողությամբ սառնարանային համալիր, որի արժեքը կազմում է 73 362 390 դրամ (մոտ 180 հազար դոլար): Այդ մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը` հավելելով, որ Ալբերտ Օհանջանյանը սառնարանային համալիրը կառուցել է սեփական միջոցներով:

Գոմեշի մսի հայտնաբերման փաստի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունն ավարտական փուլում է, գործը դեռ դատարան չի ուղարկվել: Օհանջանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախություն անելու մեջ:

Հիշեցնենք, որ դեռևս 2012 թվականի մայիսին «Բանակում անարդարություններին ոչ» նախաձեռնությունը բաց նամակով դիմել էր ՀՀ նախագահին, ՀՀ Պաշտպանության նախարարին, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնատար անձանց՝ կոչ անելով քննություն սկսել զորամասերում Հնդկաստանից բերված սառեցված գոմեշի մսի մատակարարման վերաբերյալ:

2012 թվականի օգոստոսին ԼՂՀ ՊԲ պարենային կենտրոնական պահեստում հայտնաբերված խախտումների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, աշխատանքից ազատվել է ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնումների և մատակարարումների հետ կապված հարցերը համակարգող Արշալույս Փայտյանը:

2012 թվականի սեպտեմբերի վերջին կայացած ՀՀ կառավարության նիստի ժամանակ հրապարկվել էր գոմեշի միս Հայաստան ներմուծող ընկերությունների ցանկը, իսկ ՀՀ վարչապետը նշել է, որ ինքը ներմուծման հետ կապ չունի: Խոշորագույն ներմուծողն է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը: