Home / Տեսանյութեր / Հացադուլ անող կալանավորին խոստացել են թույլ տալ բուժվել հիվանդանոցում

Հացադուլ անող կալանավորին խոստացել են թույլ տալ բուժվել հիվանդանոցում

«Հելսինկյան ասոցիացիայի» ահազանգով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հունվարի 31-ից հացադուլ հայտարարած Տավրոս Ոսկանյանին այցելած ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամները լսել են կալանավորի բողոքը, ապա պահանջները բավարարելու համար դիմել մեկուսարանի պետի տեղակալին։ Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում պատմել է Ոսկանյանի պաշտպան, «Հելսինկյան ասոցիացիայի» փաստաբան Գայանե Խաչատրյանը։

«Ոսկանյանը հայտնել է, որ ունի առողջական խնդիրներ, որոնց պատշաճ բուժման համար ցանկանում է տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց և պատրաստ է վճարել դրա համար։ Կալանավորին այցելելուց հետո խմբի անդամները հանդիպել են հիմնարկի պետի տեղակալին, ով ասել է, թե դեմ չէ և իրենք թույլտվություն կտան, երբ բուժման համար անհրաժեշտ պայմանավորվածությունները ձեռք բերվեն», – ասել է պաշտպանը։

Ոսկանյանը, այնուամենայնիվ, դեռևս հացադուլը չի դադարեցրել։

Հացադուլի պատճառը Ոսկանյանի առողջական խնդիրներն են։ Ստամոքսում առկա օտար մարմինների պատճառով նա ունենում է սուր ցավեր, չի կարողանում նորմալ սնվել, սակայն պատշաճ բուժում չի ստանում:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժանձնակազմն իր հնարավորության սահմաններում բուժում է իրականացրել, սակայն դա որևէ արդյունք չի տվել։

«Ոսկանյանը ստացիոնար բուժման և վիրահատության կարիք ունի, որը հնարավոր է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կամ քաղաքացիական հիվանդանոցում», – նշել է փաստաբանը։

Ոսկանյանի բուժումը պատշաճ իրականացնելու միջնորդությամբ «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Միքայել Դանիելյանը դեռևս 2013 թվականի նոյեմբերին դիմել էր ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչություն, որտեղից նրան պատասխանել էին․ «Հաշվի առնելով բնական ճանապարհով օտար մարմինների օրգանիզմից դուրս գալու հավանականությունը կալանավոր՝ Տավրոս Ոսկանյանի նկատմամբ սահմանված է ամենօրյա դինամիկ հսկողություն: Բնական ճանապարհով օտար մարմինների չհեռանալու կամ սուր վիրաբուժական պաթալոգիայի դեպքում կկատարվի վիրահատական միջամտություն»:

«Հելսիկյան ասոցիացիան» ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի պատասխանից հետո դիմել է նաև ՀՀ արդարադատության նախարարին, որը, Խաչատրյանի խոսքով, չի բարեհաճել պատասխանել կազմակերպության միջնորդությանը:

Տավրոս Ոսկանյանը մեղադրվում է գողության մեջ։ Ավելի վաղ Еpress.am-ի հետ զրույցում նրա կինը՝ Արմինե Պողոսյանը, պատմել էր, որ իր նկատմամբ ճնշում են գործադրել ոստիկանության բաժնում՝ պահանջելով, որպեսզի ինքը համոզի ամուսնուն խոստովանական ցուցմունք գրել։

Կինն այդ ժամանակ հղի է եղել, և ամուսինը ստիպված է եղել կատարել ոստիկանների պահանջը, որից հետո կնոջը տուն են թողել։