Իրավախախտ կամ ոստիկանության ուշադրության կենտրոնում հայտնված անչափահասների հետ աշխատող համայնքային վերականգնողական կենտրոնները 2014 թվականի հունվարից այլևս չեն գործում, քանի որ միջազգային ֆինանսավորումն ավարտվել է, իսկ Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծումը, որը նաև այս ոլորտը պետք է ընդգրկի՝ ձգձգվում է։
Թեմայի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպմանը զրուցել են մասնագետները՝ ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, «Հայ օգնության ֆոնդի» երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը, ՀՀ ոստիկանության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը։
Նրանք չեն բացառել այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակի պատճառով անչափահասների շրջանում հանցավորության մակարդակը աճելու է։
«Ոստիկանության տվյալներով՝ 2011-ին Հայաստանում իրավախախտում է կատարել ու պատասխանատվության ենթարկվել 453, 2012-ին՝ 349 և 2013-ին՝ 352 անչափահաս։
2011 թվականին հանցագործություն է կատարել նախկինում պատասխանատվության ենթարկված 8, 2012-ին՝ 0, 2013-ին՝ 2 անչափահաս։ Վերականգնողական կենտրոններն աշխատել են 1000 անչափահասների հետ, ինչը տվել է դրական արդյունքներ», – նշել է Վարդանյանը։
Կենտրոնների աշխատանքներում ներգրավված բանախոսների խոսքով՝ վերկանգնողական կենտրոնների ֆինանսավորումը դադարեցվել է ԱՄՆ ՄԶԿ-ի կողմից, ինչից հետո ոստիկանները և հասարակական կազմակերպությունների աշխատակիցները՝ մի թիմ դարձած, կամավորության սկզբունքով աշխատանքներ են տանում երեխաների հետ:
«Այս 7 տարիների ընթացքում կենտրոններ են ուղղորդվել հարյուրավոր անչափահասներ, որոնց հետ լուրջ աշխատանքներ են տարվել։ Աշխատանքի ընթացքում դրական արդյունքները փաստելով՝ ոստիկանությունը փորձեր է անում հանդիպումներ կազմակերպել շահագրգիռ անձանց հետ, որպեսզի աշխատանքները շարունակական լինեն, – նշել է Վարդանյանը։
Միրա Անտոնյանը նկատել է, որ ծախսարդյունավետության տեսանկյունից ճիշտը համայնքներում երեխաների հետ ցերեկային ծրագրերով աշխատելն է, մինչդեռ նմանատիպ կենտրոնների ստեղծման դեպքում ժամանակ առ ժամանակ բարձրանալու է ֆինանսավորման խնդիրը։
«Աղքատ երկրի համար շատ մեծ ճոխություն է յուրաքանչյուր պրոբլեմի համար ծառայությունների համալիր ստեղծելը, և ճիշտ կլիներ, որ ոստիկանությունն ու Արդարադատության նախարարությունը գտնեին այն ֆորմատը, որտեղ կարելի է աշխատել թե մի, թե մյուս պրոբլեմի հետ», – ասել է Անտոնյանը։
Նրա խոսքով՝ իրենք գործ են ունեցել ոչ միայն հաշվառված երեխաների հետ, այլև նրանց, ովքեր դեռևս հաշվառման ենթակա չեն համարվել:
«Աշխատատել ենք երեխայի ներաշխարհի հետ և փոխել աշխարհի նկատմամբ նրանց ընկալումը», -ասել է ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնօրենը։
Քննարկման մեկ այլ բանախոս՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը հավաստել է, որ նախարարությունը միշտ է դրական է վերաբերել տվյալ կենտրոնների գործունեությանը։
«Բյուջետային հայց ներկայացնելու դեպքում միգուցե հետագայում այս կենտրոնների աշխատանքը հնարավոր լինի շարունակել, իսկ ներկա պահին քննարկվում է Ոստիկանության կամ Աշխատանքի և սոցիալական ապահովության, ինչպես նաև նախարարության բյուջեների հաշվին շարունակել կենտրոնների գործունեությունը: Հնարավոր է, որ որոշ համայնքներ իրենց բյուջեների հաշվին շարունակեն ֆինանսավորումը և այս կենտրոնները շարունակեն աշխատել։ Քննարկել ենք նաև կենտրոնների աշխատանքը արտաբյուջետային միջոցներով ֆինանսավորելու հարցը, սակայն դրանց հետագա ճակատագրի մասին հստակ պատասխան դեռևս չկա», – եզրափակել է Օրբելյանը։