Մարտի 13-ին Ուկրաինայի կառավարությունը անհապաղ հայտարարություն էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով ՌԴ կառավարության նկատմամբ ժամանակավոր միջոցներ կիրառել՝ ՄԻԵԴ-ի կանոնակարգի 39-րդ կանոնին համապատասխան, որի համաձայն Ռուսաստանը պարտավոր է զերծ մնալ որևէ ուժային և ռազմական գործողություններից Ուկրաինայի և այդ երկրի քաղաքացիների դեմ։ «ՈւՆԻԱՆ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն։
Նախարարի խոսքով՝ ՄԻԵԴ-ը դիմումը դիտարկելուց հետո որոշել է Ռուսաստանին պարտավորեցնել զերծ մնալ որևէ ուժային և ռազմական գործողություններից Ուկրաինայի տարածքում։
«ՄԻԵԴ-ի այս որոշումը շատ կարևոր է Ուկրաինայի համար, քանի որ համաշխարհային քաղաքական գործիչներից բացի, այժմ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի կողմից մարդու հիմնական իրավունքների կոպիտ խախտումները ճանաչում են նաև միջազգային դատական ատյանները։
Նման որոշումները շատ կարևոր են, քանի որ ղեկավարները, որոնք Ուկրաինայի դեմ ագրեսիա սկսելու հրամաններ էին տվել, ոչ միայն կհեռացվեն իրենց պաշտոններից, այլև պատասխան կտան իրենց գործողությունների համար՝ միջազգային օրենսդրությանը համապատասխան»,- նշել է Պետրենկոն։