Հայաստանի դեղերի ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ թանկացրել են սրտանոթային, արյան բարձր ճնշումն իջեցնող և այլ՝ առաջին անհրաժեշտության դեղամիջոցներ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթը Երևանի դեղատներում հարցախույզ է իրականացրել, որի արդյունքում պարզել է, որ հիմնականում թանկացել են այն դեղամիջոցները, որոնց պահանջարկը եղանակային կտրուկ փոփոխությունների այս փուլում սովորականից մեծ է։
«Մարդիկ չեն կարողանում մի կտոր հացի գումար վաստակել, ուր մնաց դեղ գնեն։ Այնքան հուսահատված ու հոգնած են ամեն ինչից, որ չգիտեն, թե ումից ինչ պահանջեն։ Իմ վրա են բարկանում»,–«Ժողովուրդ»-ին ասել է դեղատան 31-ամյա աշխատակիցը։
Պարզելու համար՝ արդյոք այս թանկացումներն անբարեխիղճ գործունեության հետևանք չեն՝ թերթը դիմել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին։ Կառույցի մամլո խոսնակ Գայանե Սահակյանն ասել է.
«Կոնկրետ թանկացման հետ կապված կկատարվի ուսումնասիրություն,, որից հետո առավել հստակ կտեղեկացնենք իրավիճակի մասին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում