Home / Հայաստան / Գերության մեջ գտնվող հայ զինծառայողի ծնողներին խորհուրդ են տալիս դիմել Եվրոպական դատարան

Գերության մեջ գտնվող հայ զինծառայողի ծնողներին խորհուրդ են տալիս դիմել Եվրոպական դատարան

Քանի դեռ հայտնի չէ, թե Ադրբեջան գերեվարված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը որևէ պահանջ ունի, թե՝ ոչ, նրա ծնողները կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի հիմքով (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք): Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Արա Ղազարյանը՝ պարզաբանելով, որ հոդվածը ներառում է զավակի և ծնողի վերամիավորվելու իրավունքը և Կոնվենցիային միացած պետությունների մոտ նման դեպքերում, ըստ Ա.Ղազարյանի, պոզիտիվ պարտականություն է ծնվում մինչև անձին երրորդ երկիր տեղափոխելը ապահովել առնվազն գոնե մեկ ուղիղ կապ ծնողների ու որդու միջև:

«Կարծում եմ` այս հիմքով կարելի է դիմել Եվրոպական դատարան՝ ակնկալելով իրավական դիրքորոշում»,- ասել է Ղազարյանը:

Նա նշել է, որ նախադեպեր այս առումով չկան, բայց կան անալոգիայով նախադեպեր, ուստի` պետք է փորձ արվի, «պետք չէ մնալ միայն Կարմիր Խաչի կամ պետական իրավասու մարմինների հույսին», հանրային ոլորտում գտնվող մեխանիզմներն օգտագործելու հետ մեկտեղ կարելի է գործի դնել նաև անհատական իրավունքի մեխանիզմը: Ուստի՝ Ա.Ղազարյանը խորհուրդ է տալիս Ինջիղուլյանի ծնողներին դիմել Եվրոպական դատարան:

«Գուցե դրանից ծնվի նախադեպ մեկ այլ դեպքերի համար, իսկ այն, որ այդ դեպքերը սրանով չեն ավարտվելու, նման նոր դեպքեր կլինեն, ես դրանում կասկած չունեմ, որովհետև չեմ տեսնում, որ Ադրբեջանի կառավարությունն իր քաղաքականությունը հայերի, ընդգծում եմ՝ հայերի, ոչ թե Հայաստանի Հանրապետության նկատմամբ փոխում է: Քսենոֆոբիան գնալով ավելի է ուժեղանում Ադրբեջանում»,- ասել է Ղազարյանը:

Հիշեցնենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի պատվիրակ Սառա Էպրեխտը մարտի 12-ին նամակ է հանձնել Ինջիղուլյանի ընտանիքին։ Հակոբի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը, Epress.am-ին պատմել էր, որ Հակոբի նամակի բովանդակությունը կրկին նույնն է, որ «ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չունի»։

«Միայն խնդրում է որոշ ժամանակ էլ սպասել ու ամեն ինչ լավ է լինելու։ Մենք երեք նամակ էինք ուղարկել՝ մորս, քրոջս ու պապիկիս կողմից, Հակոբը երեքին էլ առանձին պատասխանել է ու շեշտել, որ ամենաշատը նեղվում է կարոտից՝ «հաստատ իմացեք, որ կարոտը քիչ է տևելու ու որոշ ժամանակ հետո կանցնի», պատմել էր Հարություն Ինջիղուլյանը։

Հիշեցնենք, որ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը օգոստոսի 7-ի՝ լույս 8-ի գիշերը ծառայությունն իրականացնելու ընթացքում տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը և հայտնվել հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: