Հայաստանի իշխանությունների մեղքերի և ձախողումների համար պատասխանատու է ամբողջ հանրապետական մեծամասնությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Այս մասին ասված է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության հայտարարության մեջ, որի հեղինակներն իր մոտեցումներն են ներկայացրել Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում նշանակման կապակցությամբ։
«Մենք չպետք է սպասենք կառավարության ձևավորմանը և նրա կողմից ծրագրի ներկայացմանը, որպեսզի վերաբերմունք հայտնենք նոր կառավարության նկատմամբ: Հայաստանի ոչ լեգիտիմ, կոռումպացված իշխանությունները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի ռեժիմի, ի վիճակի չեն Հայաստանի զարգացման որևէ ծրագիր իրականացնել և կորցրել են Հայաստանում կառավարություն ձևավորելու որևէ իրավունք: Մենք ոչ թե մերժում ենք վարչապետի կամ որևէ նախարարի անձը կամ նրանց ներկայացրած ծրագիրը, այլ մենք մերժում ենք Հայաստանում կառավարություն ձևավորելու հանրապետականների կեղծված մեծամասնության իրավունքն ընդհանրապես: Ուստի, մեր կարծիքով, ընդդիմադիր քաղաքական ուժերի քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը:
Ինչ վերաբերում է ստեղծված վիճակում Քառյակի գործունեությանը, ապա Հայ Ազգային Կոնգրեսը վերահաստատում է իր պատրաստակամությունն ու վճռականությունը շարունակելու այդ ձևաչափով իշխանափոխությանն ուղղված միասնական ջանքերը և արդյունավետ համագործակցությունը», – ասված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ։