Home / Հայաստան / Ադրբեջանցի և հայաստանցի երկու մայրերի կոչը․ հայտարարություն

Ադրբեջանցի և հայաստանցի երկու մայրերի կոչը․ հայտարարություն

Լեյլա Յունուսի և Լաուրա Բաղդասարյանի համատեղ հայտարարությունը․

Ապրիլի 25, 2014 թ․

Մենք մեր երեխաների համար խաղաղության կողմնակիցն ենք

Մենք՝ երկու կանայք՝ իրավապաշտպան և լրագրող, երկու մայր՝ Ադրբեջանից և Հայաստանից, համագործակցում ենք արդեն շուրջ 10 տարի, կանգնած ենք ուս ուսի մեր՝ ավելի քան 20 տարի պատերազմի մեջ գտնվող ժողովուրդների միջև Հանրային երկխոսություն ստեղծելու ու ամրապնդելու բարդ գործում։

Շուրջ 10 տարի քայլում ենք ձեռք ձեռքի տված՝ համատեղ հոդվածներ, գրքեր թողարկելով, և վերջապես, ստեղծելով առաջին ու միակ յուրօրինակ համատեղ կայքը՝ http://www.publicdialogues.info։

Այս կայքը հայերի և ադրբեջանցիների միջև երկխոսության հարթակ է։

Մեր կայքում շփվել են, վիճել, մեր հասարակությունների համար կարևոր խնդիրներ քննարկել Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի ու Եվրամիության երկրների քաղաքացիներ։

Մենք դեմ ենք ապագա պատերազմներին։ Մենք դեմ ենք, որ մեր երեխաներն ու թոռներն ատեն ու սպանեն միմյանց, մենք դեմ ենք թշնամանք սերմանող քաղաքականությանը, հարևանի դեմ ատելության մթնոլորտին։

2014 թվականի ապրիլի 19-ին Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով (Ադրբեջանի ՔՕ 274 հոդված, պատժաչափը` 10 տարուց մինչև ցմահ ազատազրկում) ձերբակալել են մեր կայքում բազմաթիվ առցանց համաժողովների, ինչպես նաև Հայաստանում անկացվող միջազգային համաժողովների ակտիվ մասնակից, լրագրող Ռաուֆ Միրկադիրովին։

Գերդ Բուցերիուսի անվան միջազգային մրցանակի դափնեկիր, Ադրբեջանի վաստակավոր լրագրող Ռաուֆ Միրկադիրովի դեմ մեղադրանքը հիմնված է հենց «ժողովրդական դիվանագիտությանը» նվիրված միջոցառումներին նրա մասնակցության վրա։

Ապրիլի 22-ին Ադրբեջանի նախագահի որոշմամբ ստեղծվել է Գլխավոր դատախազության և Ազգային անվտանգության նախարարության հետախույզների համատեղ խումբ, որի նպատակն է «բացահայտել Ադրբեջանում առկա Հայաստանի լրտեսների մեծ ցանցը»։ Դժվար չէ գուշակել, որ այդ ցանցի մեջ մտադիր են ներառել հենց մեր Երկխոսության մասնակիցներին։ Արդեն սկսվել են ճնշումները Լեյլայի ամուսնու՝ Արիֆ Յունուսովի նկատմամբ։ Ա․ Յունուսովը, ով Կովկասի ժամանակակից պատմության, ու, մասնավորապես, Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ 8 գրքերի և ավելի քան 230 հոդվածների հեղինակ է, 2001 թ․-ից ի վեր ամեն տարի ակտիվորեն մասնակցել է Հայաստանի տարածքում կազմակերպված միջազգային համաժողովներին։

Ներկա դրությամբ Արիֆ Յունուսովը հոսպիտալացված է ու գտնվում է նախաինսուլտային վիճակում։

Ադրբեջանի իշխանությունները, «բացահայտելով լրտեսների ցանցը», վերջ կդնեն անկախ ՀԿ-ների մասնակցությամբ հայ-ադրբեջանական համատեղ նախագծերին։

Մենք դիմում ենք աշխարհի բարի կամքի տեր մարդկանց։ Բարձրացրե´ք ձեր ձայնը՝ ի պաշտպանություն Կովկասի խաղաղության, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև ատելության և թշնամանքի հրահրման դադարեցման: Պահանջե´ք անհապաղ ազատ արձակել երկու մանկահասակ դուստրերի հայր Ռաուֆ Միրկադիրովին։ Պահանջե´ք դադարեցնել հետապնդումները ժողովրդական դիվանագիտության մասնակիցների, մեր Երկխոսության ակտիվիստների, մեր երկրներում խաղաղության ու ժողովրդավարության հաստատման կողմնակիցների նկատմամբ։

Աջակցեք մեզ այս դժվար պահին։

Այս նամակը Ձեր անունից ու «Աջակցում ենք» արտահայտությամբ ուղարկեք հետևալ հասցեներին․

Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմ

E-mail: [email protected]

Ադրբեջանի Գլխավոր դատախազ՝ Գարալով Զաքիր

[email protected]

Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարություն

[email protected]

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարություն

[email protected]

Նամակների կրկնօրինակներն ուղարկեք նաև մեր էլ․ հասցեներին․

[email protected]

[email protected]

Լեյլա Յունուս

Ֆրանսիայի պատվո լեգեոնի ասպետ

Թեոդոր Հեքերի անվան միջազգային մրցանակի դափնեկիր

«Խաղաղության և ժողովրդավարության» ինստիտուտի տնօրեն

Լաուրա Բաղդասարյան

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն