Դերասան Վարդան Պետրոսյանին այսօր տեղափոխում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին News.am-ին հայտնել է ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի ղեկավար Գոռ Ղլեչյանը:
«Բժիշկները եկել են այն եզրակացության, որ Վարդան Պետրոսյանը կարող է բուժումը շարունակել արդեն ստացիոնար ձևով: Դերասանն այժմ էլ «Նուբարաշենի» բժշկական մաս է տեղափոխվում»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարից հետո Վարդան Պետրոսյանը տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն դուրս գրվելուց անմիջապես հետո դերասանը կալանավորվել էր և տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց»:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ավտովթարի համար՝ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ավտոմեքենա վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Վարդան Պետրոսյանի վարած «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Երևան ճանապարհին բախվել էր նույն ուղղությամբ ընթացող «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենային, որի վարորդը և 5 ուղևորները ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նրանցից երկուսը մահացել էին: