Բաքվի Նասիմինսկի շրջանային դատարանը վարչական կալանքի է ենթարկել «ՆԻԴԱ» քաղաքացիական շարժման ակտիվիստների գործով կայացրած մեղադրական դատավճռի դեմ երեկ Բաքվում անկացվող ակցիայի ընթացքում ձերբակալված ակտիվիստներին, գրում է Contact.az կայքը։
Մասնավորապես, Թուրալ Աբբասլին, Քյամալյա Բանանյարլին, Օրհան Էյուբզադեն և Շաֆի Շաֆիևը դատապարտվել են 15-ից 20 օրվա ազատազրկման։
Ակտիվիստներ Տողրուլ Իբրահիմը, Թուրքել Ալիսոյն ու Օրհան Ռուստամզադեն տուգանվել են 400-600-ի մանաթի չափով։
Երեկվա բողոքի ակցիայի ժամանակ ընդհանուր առմամբ բերման էր ենթարկվել 17 մարդ․ նրանց փաստաբան չի տրամադրվել։
Հիշեցնենք, որ երեկ ոստիկանությունը ակտիվիստներին ու լրագրողներին բռնի կերպով ցրել է «ՆԻԴԱ»-ի ակտիվիստների դեմ մեղադրական դատավճռի հայտարարումից հետո, երբ ցուցարարները սկսել են վանկարկել ու պահանջել ազատ արձակել դատապարտյալներին։
Ոստիկանությունը խոչընդոտել է նկարահանումներին՝ կոտրելով նկարահանման սարքերն ու խլելով լրագրողների պլանշետները, ինչի հետևանքով բազմաթիվ լրագրողներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։