Հովիկ Աբրահամյանի կառավարությունը մինչև հաջորդ շաբաթվա ավարտը պետք է ներկայացնի իր ծրագիրը։ «Հայկական ժամանակ» թերթը, որի տրամադրության տակ է հայտնվել նախագիծը, գրում է, որ այն գրեթե ամբողջությամբ կազմված է բարի ցանկությունների շարադրանքից։
Ըստ թերթի՝ ընդամենը մի քանի կոնկրետ ցուցանիշներով արտահայտված դրույթներից մեկը վերաբերում է տնտեսական աճին։ Կառավարությունը, ըստ նախագծի, պետք է ապահովի «համախառն ներքին արդյունքի միջնաժամկետ 5 տոկոս աճ»։
«Այսինքն, Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ծրագրում է ապահովել ընդամենը 5 տոկոս տնտեսական աճ։ 2013-ի մարտի 18-ին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը բառացիորեն հայտարարել էր․ «ՀՀ այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017թթ․, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ՝ այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»։ Փաստորեն ստացվում է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը կազմել է մի ծրագիր, որը պետք է երաշխավորի նրա մոտալուտ հրաժարականը, կամ էլ Սերժ Սարգսյանը պետք է իջեցնի կառավարության հրաժարականի համար իր իսկ սահմանած տնտեսական աճի նշաձողը», – գրում է «ՀԺ»-ն։
Նյութը՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում։